Միջազգային 

Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնել

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմսց Ուորլիքը հավատում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնել:


 Առաջին լրատվականի հետ զրույցում Ջեյմս Ուորլիքը նշել է, որ, անկախ բոլոր հետքայլերից, հուլիս-օգոստոսյան լարվածությունից և ուղղաթիռի ողբերգությունից, հավատում է, որ  կողմերը ցանկանում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնել: «Երկու երկրների նախագահներն ի վիճակի են միմյանց հետ խոսել տարբեր բարդ խնդիրների շուրջ: Ուղղաթիռի միջադեպը ողբերգություն էր: Այն բարձրացրեց կողմերի միջև անվստահության աստիճանը: Մեր ցանկությունը երկու երկրների երկխոսության շարունակության ապահովումն է՝ հիմնված նախկինում ձեռք բերված հաջողությունների վրա»,- ասել է Ուորլիքը:


Ամերիկյան համանախագահի համոզմամբ՝ թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի նախագահները ցանկանում են բանակցել, այդ իսկ պատճառով նրանք հանդիպեցին Ուելսում, Սոչիում և Փարիզում:«Մենք աշխատում ենք երկու կողմերի առաջիկա քայլերի համար: Տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն ենք ցանկանում»,- ասել է նա:


Համանախագահն անդրադարձել է նաև դեկտեմբերի 2-ին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը, որը զայրույթ էր առաջացրել Ադրբեջանի իշխանական և քաղաքական շրջանակներում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով այցելում են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի անմիջականորեն լսեն նրանց կարծիքներն ու մտահոգությունները: Աշոտ Ղուլյանի հետ հանդիպել եմ նաև նախկինում: Համանախագահները պարբերաբար հանդիպել են և շարունակելու են հանդիպել Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»,- ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ համանախագահները շարունակելու են այցելությունները Լեռնային Ղարաբաղ նաև 2015թ.:

Նույն շարքից