ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ առ մեկ կրկնում է Հիտլերի թեզիսները Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Украинская правда» պարբերականին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Պուտինի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ «Ղրիմը ռուսների համար՝ ինչպես Տաճարի լեռը հրեաների համար, որ Ռուսաստանի արմատները Ղրիմում են, որ Ռուսաստանին ոչ ոք ծնկի չի բերի, Հիտլերին չի հաջողվել, չի հաջողվի նաև Արևմուտքին», փոխանցում է apsny.ge-ն։
Սաակաշվիլին կարծում է, որ Պուտինը պատրաստվում է ցատկ կատարել, և «եթե ճիշտ հաշվարկել, ապա դա նրա համար կլինի այնպիսի ցատկ, որի ժամանակ նա կկոտրի պարանոցը»։
«Նավթի ներկայիս գների դեպքում, այն դեպքում, երբ Ռուսաստանում միջին դասը սկսել է բոյկոտել, քանի որ գլխավոր պայմանագիրը, որը նրանք ունեին միջին դասի հետ, պայթել է։ Պայմանագիրը հիմնվում էր նրա վրա, որ Պուտինը կգողանա, սակայն մարդիկ լավ կապրեն։ Այժմ նա հասել է այն կետին, երբ պետք է կա՛մ գողանալ, կա՛մ վերաբաշխել մարդկանց։ Նա չի կարող չգողանալ։ Պուտինը հիստերիայի մեջ է, նրա նպատակն է՝ թույլ չտալ նոր գունավոր հեղափոխություններ։ Սակայն գունավոր հեղափոխությունը նա չի պատկերացնում այնպես, որ ինչ-որ ռուս ընդդիմադիր կմտնի խորհրդարան՝ թափահարելով վարդը։ Նա տեսնում է իրեն ինչ-որ տեղ նկուղում Ռուբլյովկայի մոտ, այնտեղից նրան դուրս կբերի ռուսների կատաղած ամբոխը։ Եվ դա Քադաֆիի ճակատագիրն է »,- ասել է Սաակաշվիլին։
Նրա կարծիքով, որպեսզի դա տեղի չունենա, Պուտինը որոշել է, որ պետք է լուծել ուկրաինական հարցը։ Այդ պատճառով էլ նա կպայքարի մինչև վերջ։ Դա կյանքի և մահվան հարց է նրա համար։ Սակայն դա չի նշանակում, որ ինքը կհաղթի, նշել է Սաակաշվիլին։
Նախկին նախագահը կարծում է, որ Պուտինն առաջ է անցել, և դա հաջողվել է նրան, քանի որ 2 մլրդ դոլար է ներդրել «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական արշավում։ Եվ նրա կարծիքով՝ Վրաստանում տեղի է ունեցել այն, ինչը կարող է տեղի ունենալ Ուկրաինայում, եթե չանցկացնել բարեփոխումներ։
Վրաստանը, նույնիսկ բարեփոխումներ անցկացնելով, չկարողացավ խուսափել դրանից։ «Երբ մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ, ի վերջո Պուտինը գերակայեց, սակայն գերակայության հասավ նա այն պատճառով, որ մի փոքր երկրում ներդրեց 2 մլրդ դոլար նախընտրական արշավի համար։ Ուկրաինայի ծավալներով դա, հավանաբար, ավելին է, քան 20 մլրդ դոլարը։ Եկավ ռուսամետ կառավարություն, և ամեն ինչ վատացավ՝ անվտանգությունը, տնտեսությունը, մեր արժույթն ընկնում է ռուբլուն զուգահեռ։ Այսինքն` Ռուսաստանի ուղին իրապես վատացնում է մարդկանց կյանքը»,- ասել է Սաակաշվիլին։