Ներկա փուլում «Վրաստանի կառավարությունում չի քննարկվում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը»: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչաշվիլին, որը Բազելում մասնակցել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին:
Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է 1992 թ. օգոստոսին: Անցած և այս տարի Վրաստանի կառավարության անդամները հայտարարում էին, որ «Վրացական երկաթուղու աբխազական հատվածով հաղորդակցության վերականգնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ խնդիրների հետ, եղբայր աբխազների հետ բարդ հարաբերությունների հետ»՝ նշելով, որ «այդ հարցը կարող է քննարկվել Վրաստանի պետական շահերը հաշվի առնելով»:
Բազելից ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այնտեղ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստնի և Վրաստաննի հետ երկաթուղային հաղորդակցության ստեղծմանը: Նրա խոսքերով՝ «բոլոր կողմերը պետք է մասնակցեն այդ գործընթացին»: