2006 թվականին գրականության համար Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկը կիրակի օրը հրապարակված հարցազրույցում դատապարտել է իր երկրում իշխող «վախի» մթնոլորտը, հաղորդում է France 24-ը:
«Ամենավատն այն է, որ վախ կա: Ես տեսնում եմ, որ բոլորը վախեցած են, դա նորմալ չէ… Արտահայտման ազատությունն ընկել է շատ ցածր մակարդակի»,- ասել է Փամուկը Հուրիեթ թերթին տված հարցազրույցում:
Նա մեղադրել է կառավարությանը ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների համար և հատկապես ափսոսանք է հայտնել ընդդիմության լրագրողների նկատմամբ հետապնդումների համար:
«Իմ շատ ընկերներ ինձ ասում են, որ այս և այս լրագրողը կորցրել է իր աշխատանքը: Այժմ անգամ այն լրագրողները, ովքեր շատ մոտ են կառավարությանը, հետապնդումների են ենթարկվում»,- ասել է 62-ամյա արձակագիրը: