Միջազգային 

Ուրուգվայը աշխատում է ԼՂՀ-ն ճանաչելու ուղղությամբ. Ուրուգվայի Սենատի նախագահ

analitik.am

Ըստ էության՝ աշխարհն արդեն Հայոց ցեղասպանության հարցն ընդունել է, պարզապես տնտեսական իրավիճակից ելնելով և այլ իրողություններ հաշվի առնելով՝ չեն ընդունել այն. հրավիրված ասուլիսին այսօր ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ հրավիրված  համատեղ ասուլիսին:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Եթե որևէ պետություն չի ընդունել, դա դեռևս չի նշանակում, որ այդ մոտեցումները չեն ձևավորված պետության ներսում: Նրանք, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում Ցեղասպանությանը. առավել ևս դատապարտելի է թուրքական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը»,-ասաց Սահակյանը:

Ուրուգվայի Սենատի նախագահն իր հերթին շեշտեց, որ երկու երկրների միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: «Դա դեռ 1920 թ-ին է դրվել՝ Ազգերի լիգայի կազմակերպության ժամանակ, այնուհետև մեր հարաբերությունները թևակոխեցին շատ կարևոր շրջան, երբ Ուրուգվայը 1965 թ. ճանաչեց Ցեղասպանությունը, իսկ 1991թ.՝ ՀՀ անկախությունը։  Այսօր մեր ցանկությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները շարունակել տարբեր ոլորտներում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, որոնք ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները»,-ասաց Դանիլո Աստորին:

Ուրուգվայի Սենատի նախագահը նշեց, որ շատ կարևոր է այն, ինչ այսօր անում է ՀՀ-ն՝ վառ պահելով հիշողությունները. «Քանի որ հիշողությունը այն հիմնական երևույթն է, որով կարելի է կերտել ապագան, ինչպես նաև չմոռանալ անցյալը»։

Հարցին՝ հնարավո՞ր է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում էլ Ուրուգվայը լինի առաջինը, Դանիլո Աստորին նշեց. «Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, մեր երկրի Կառավարությունը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ներգրավված են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»:

Նույն շարքից