Միջազգային 

ԵՄ-ը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

analitik.am

Եվրամիությունը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին  հայտնում է «Ռոյթերս»-ը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:


Գործակալությունը նշում է, որ օրերս Անկարա կատարելիք այցին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆրեդերիկ Մոգերինին, եվրոպական քաղաքականության եւ բարի դրացիության գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը եւ մարդասիրական օգնության ու ճգնաժամերի կառավարման գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը կփորձեն Թուրքիայի իշխանություններին համոզել միանալ հակառուսաստանյան պատժամիջոցներին:


Այն դեպքում, եթե Անկարան հրաժարվի դա անել, պատվիրակությունը կջանա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հետ պայմանավորվել, որպեսզի այն չօգտագործի ԵՄ դեմ ՌԴ կողմից մտցված պատասխան պատժամիջոցները Ռուսաստան մթերքների լրացուցիչ մատակարարումների համար:


Եվրոպացի դիվանագետները Թուրքիա կժամանեն դեկտեմբերի 8-9-ին: Եվրահանձնաժողովի մամուլի տեղեկագրում նշվում է, որ այցը կոչված է ցուցադրելու Անկարայի եւ Բրյուսելի հարաբերությունների կարեւորությունը: ԵՄ-ը նաեւ մտադիր է ակտիվացնել Սիրիայից փախստականների ընդունման հարցում Թուրքիային կատարվող օգնությունը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին այցելել էր Անկարա: Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր դեպի Եվրոպա «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից հրաժարվելու եւ Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա նոր խողովակաշար անցկացնելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառությունը մեծացնելու պլանների մասին:

Նույն շարքից