Միջազգային 

Թուրքիայում 2200 զինվորների ընտանիքներ ցանկանում են հրաժարվել քաղաքացիությունից

analitik.am

Թուրքիայի զինված ուժերում զինծառայողների կասկածելի մահերի եւ տուժածների միության անդամ 2200 ընտանիքներ հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական OdaTV հեռուստաալիքը, հայտարարել է Դերսիմի Հոզաթ ավանում 5 տարի առաջ զինծառայության ընթացքում կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած զինվոր Մուրաթ Օքթայ Ջանի հայրը` Օքթայ Ջանը, ով հիշյալ կազմակերպության ղեկավարն է:


2012 թվականին թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում մահացած Ույսալ Դողանի գերեզմանի մոտ կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ դիմելով Թուրքիայի Նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին` Ջանն ասել է. «Այն դեպքում, երբ թուրքական բանակում շարունակվում են մեր երեխաների կասկածելի ինքնասպանություններն ու մահերը, 5 տարի շարունակ վարչապետին հանդիպելու մեր խնդրանքը չի բավարարվում: Մենք պահանջում ենք շտապ օրենք ընդունել այս ընտանիքների վերաբերյալ: Պահանջում ենք այս երեխաներին շեհիդի (նահատակ) կարկագավիճակ տալ եւ նրանց ընտանիքներին ապահովել աշխատանքով եւ զբաղվածությամբ: Բոլոր այս ընտանիքները տուժածներ են: Եթե մինչեւ 2015 թվականն այդ իրավունքները չտրվեն, 2200 ընտանիքներ կհարաժարվեն Թուրքիայի քաղաքացիությունից»:

Կազմակերպության անդամ ընտանիքների ներկայացուցիչները հայտնել են, որ Թուրքիայի իշխանություններն իրենց իսկ կողմից բանակում ստեղծված անտանելի պայմանների պատճառով ինքնասպանության դիմաց զինծառայողներին հայրենիքի դավաճանի պիտակ են կպցնում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի զինված ուժերում վերջին 12 տարիներին 1200 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, որոնց գերակշռող մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:

Նույն շարքից