Միջազգային 

Եվրոպայում հետաքննում են քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների վտանգավոր մերձեցման դեպքերը

analitik.am

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հետաքննում է օդում քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների վտանգավոր մերձեցման մի շարք դեպքեր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Վերահսկիչ մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել Եվրամիության օդային տարածքի սահմանին՝ ծովի վրա, վերջին ամիսների ընթացքում։

 

«Ինչպես հաղորդել են ԵՄ-ի անդամ մի քանի պետություններ, ռազմական ինքնաթիռների վերահեռարձակիչներն անջատվել են, և ռադիոկապով հնարավոր չի եղել նրանց հետ կապ հաստատել: Դա կարող էր անմիջական վտանգ ստեղծել քաղաքացիական ավիացիայի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Գործակալությունը խորհրդակցություն կանցկացնի ռազմական և քաղաքացիական մարմինների հետ և մարտ ամսին կպատրաստի խորհրդատվություն նման դեպքերից վտանգը նվազեցնելու նպատակով:

 

Չնայած EASA-ում չեն հստակեցնում, թե որ երկրներին են պատկանել ռազմական ինքնաթիռները, այդ հայտարարությունն արվել է մի շաբաթ անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը մեղադրել է ռուսական ռազմաօդային ուժերին քաղաքացիական ավիացիայի նկատմամբ սպառնալիքի համար:

 

Դուգլաս Լյութի խոսքով՝ ռուսական ռազմական ինքնաթիռներն անջատում են ռադիոկապի սարքերը և նախօրոք չեն նախազգուշացնում թռիչքի ուղեգծի մասին:

Նույն շարքից