Միջազգային 

Թևան Պողոսյանը երկարաժամկետ շահերի կողմնակիցն է, իսկ ԵՏՄ-ն միայն կարճաժամկետ շահեր կտա

analitik.am

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները չեն կարողանում միմյանց հետ աշխատել, և այդ իմաստով դժվար է պատկերացնել, թե ինչ է անելու այդ կառույցում Հայաստանը: Նման մտահոգություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և ընդգծեց, որ չի հավատում ԵՏՄ-ի հաջողությանը:

«Հայաստանը 3,5 տարի ջանքերն ուղղել էր դեպի Եվրոպական միություն, ու միանգամից մի գիշերվա մեջ շրջվել պատկերացումներից ու փորձել ինտեգրվել մի միությանը, որտեղ երկրներ են, որոնք չեն կիսում եվրոպական արժեքները, որտեղ մամուլը կարդալուց հասկանում ես, որ ճնշումներ են գործում, հին սովետական ուժային մեթոդներն են գործում: Այս ճանապարհով գնալիս՝ Հայաստանը չի դառնա այն երկիրը, որի մասին մենք երազում ենք»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը, ով նախորդ շաբաթ ԱԺ-ում դեմ է քվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացմանը, նշեց, որ իր համար զարմանալի է, որ այն ուժերը, որոնք նախընտրական իրենց ծրագրերում չունեին ԵՏՄ-ին միանալու մասին որևէ կետ, հեշտ ու հանգիստ կողմ քվեարկեցին:

Հարցին, թե կարծիք կա, որ Հայաստանի համար դժվար կլիներ ապրանք արտահանել եվրոպական շուկա, քանի որ տեղական ապրանքները չեն համապատասխանում իրենց չափանիշներին, պատասխանեց. «Կարճաժամկետ շահերով չի կարելի ուղղորդվել, պետք է միշտ գնալ երկարաժամկետ շահերի հետևից: Մենք պետք է այնպես անեինք, որ մեր ապրանքները որակապես բարելավեինք: Ստացվում է, որ մենք համաձայն ենք միշտ անորակ ապրանք արտադրել և ոչ թե ջանքեր ուղղել որակյալ արտադրանք ունենալու համար: Արդյո՞ք այսպիսի երկիր ենք ուզում, որտեղ միշտ անորակ ապրանք են արտադրում»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ինքը միշտ երկարաժամկետ շահերի կողմնակիցն է:

Նույն շարքից