ԱՄՆ-ն այս պահին չի պատրաստվում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ գնալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սենատի օտարերկրյա հարցերով հանձնաժողովում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվություն» թեմայով լսումների ժամանակ, հաղորդում է Взгляд-ը:
«Պատրաստվու՞մ ենք մենք գնալ Ասադի դեմ: Ո՛չ: Մենք՝ Միացյալ Նահանգները, որպես ահաբեկչական խմբավորում խոսում ենք միայն «Իսլամական պետության» մասին»,- ասել է Քերին՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին:
Ընդ որում՝ պատասխանելով Սիրիայի իշխանությունների դեմ ուժի կիրառման մասին հարցին, Քերին հայտարարել է. «Հիմա չէ»: Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է սիրիացի ապստամբների պատրաստմամբ, որոնք «ուղղակիորեն պայքարում են Ասադի դեմ»:
Նրա խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու թույլտվություն ստանալու դիմում Կոնգրեսին չի ներկայացվի: Միևնույն ժամանակ նա, խոսելով ծայրահեղականների դեմ պայքարի մասին, ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին բավականաչափ իրավասություններ ունի «Սիրիայում և Իրաքում անելու այն, ինչ հիմա անում ենք»: