Միջազգային 

ԵՄ-Հայաստան ապագայի համաձայնագրում որոշակի շարունակականություն պետք է ապահովվի նախկինում բանակցվածից. Տ. Հրիսթեա

Եվրոպական միությանը բնորոշ է, որ այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը, և ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում պաշտոնական Երևանի որոշումը։ Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին:

Ի պատասխան հարցի, որ ԵՄ մի շարք դեսպաններ ու պաշտոնյաներ «սեպտեմբերի 3»-ից հետո հայտարարում էին, որ 3,5 տարի բանակցելուց հետո Երևանի շեշտակի, քաղաքական որոշումը դեպի ԵՏՄ որոշակի՝ վստահության հետ կապված խնդիրներ է առաջացնում, և, հետևաբար, հիմա կա՞ վստահության դեֆիցիտ՝ նոր հարաբերությունների առումով, դեսպան Հրիսթեան ասաց. «Սեպտեմբերի 3»-ի որոշումը, ինչպես նշեցիք՝ որոշակի շրջանակների համար անակնկալ էր, վստահության մակարդակի մեջ էլ դա արտացոլվեց, բայց Եվրոպական միությանը բնորոշ է, որ այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը»:

Նա ավելացրեց, որ այս տեսանկյունից ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում այդ որոշումը և դիտարկում են, թե ինչ կարող են կողմերը կառուցել ապագայի իրավական համաձայնագրում՝ որոշակի շարունակականություն ապահովելով նախկինում բանակցվածից:

Դեսպան Հրիսթեան վստահություն հայտնեց, որ քննարկումների արդյունքում կլինի լայն կոնսենսուս՝ ապագա համաձայնագրում արտացոլվելիք ուղղությունների վերաբերյալ, և դա համաձայնեցվել էր Վիլնյուսում:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով՝ 2014–ին եղել են կարևոր զարգացումներ, որոնք ի ցույց են դրել, որ կողմերը պատրաստակամ են շարունակել հարաբերությունները առևտրի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնվելով արժեքային նույն համակարգի վրա:

Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանը երրորդ կարևոր առևտրային գործընկերն է շարունակում է մնալ ԵՄ-ի համար՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեսանկյունից, ինչպես նաև ԵՄ երկրները Հայաստանում ամենախոշոր ներդրում կատարած երկրներից են:


Սակայն նա ընդգծեց, որ ԵՏՄ-ն ենթադրում է արտաքին առևտրի մասով որոշակի լիազորությունների փոխանցում Երևանից ԵՏՄ-ի կողմից ստեղծվելիք այդ նոր մարմնին: Իսկ կհամագործակցեն այս դաշտում այն ուղղություններում, որոնց պարագայում որոշումների կայացման բացառիկ իրավասությունը կմնա Երևանին:


Եվրոպացի դիվանագետը հավելեց, որ Քաղաքացիական հասարակությանն աջակցության հիմնադրամի միջոցով են շարունակելու քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացումը և 2015թ. հրապարակելու են հրավերների առաջարկներ, ինչպես 2014թ.՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո:

Շարունակելով պատասխանել հայ լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավագույն սցենարը իրատեսական սցենարն է. «Մենք փորձում ենք քննարկել, հասկանալ, համագործակցության իրավական շրջանակը. այս ճանապարհին հունվարին անցկացվելիք համագործակցության խորհրդի նիստը նոր հանգրվան կլինի»։ 


Դեսպանն ավելացրեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը երկուստեք պատրաստակամ են շարունակել համագործակցությունն առևտրի ոլորտում, ինչպես նաև մյուս բնագավառներում՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ՓՄՁ ոլորտի, գյուղական համայնքների, ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցության ու մի շարք այլ ուղղություններով: Նա նաև նկատեց, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ չի կիրառել:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ ԵՄ միշտ սատարել և հիմա էլ սատարում է գոյություն ունեցող բանակցային գործընթացի հիման վրա հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:

Մեկնաբանելով հարցադրումը, թե ինչ են նշանակում ԵՄ պաշտոնյաների այն հայտարարությունները, որ Ռիգայի գագաթնաժողովին պետությունների նկատմամբ նոր անհատական մոտեցում կլինի, դեսպանը նշեց, որ սա նոր մոտեցում չէ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում այն կիրառություն ունի: Իսկ հիմնական սկզբունքն այն է, որ առանձին պետությունների նկատմամբ լինի տարբերակված առանձնահատուկ վերաբերմունք:

Ընդդիմադիրների նկատմամբ ծեծերի փաստերի վերաբերյալ գնահատականներ տալու հարցին ի պատասխան՝ դեսպան Հրիսթեան սահմանափակվեց ասելով, որ տեղյակ են, շփվել են համապատասխան շրջանակների հետ, ի գիտություն են ընդունել այն, ինչ ասվել է իրենց:


Անձամբ Տրայան Հրիսթեան ձեռնպահ մնաց գնահատական տալուց՝ նշելով, որ շուտով ԵՄ-ի իր գործընկերների հետ միասին այդ դեպքի վերաբերյալ հայտարարություն կհրապարակվի:

Նույն շարքից