Միջազգային 

Վենետիկի հանձնաժողովը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին հրապարակել է ոչ կառավարական կազակերպությունների մասին Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շուրջ իր կարծիքը, որում մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի կառավարության հասցեին:


Հանձնաժողովը չի կարողացել իրավիճակի հետ տեղում ծանոթանալու համար այցելել Ադրբեջան, քանի որ պաշտոնական Բաքուն չի արձագանքել հրավերի մասին Քարտուղարության դիմումին, եւ Ադրբեջանի օրենսդրության մեջ փոփոխությունները հաստատվել են առանց հանձնաժողովի դիրքորոշման:

 

Նշվում է, որ Ադրբեջանում կան գրանցված 2700 եւ չգրանցված մոտ 1000 ոչ կառավարական կազմակերպություններ: Մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպությունները վերջին տարիներին ենթարկվում են բռնաճնշումների եւ նրանց վիճակը վատացել է:

 

Մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսը եւս նշել է օրենսդրության խստացման պատճառով Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար իրավիճակի վատանալու մասին:

 

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են ոչ կառավարակական կազմակերպությունների մասին օրենսդրության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի բոլոր նախկին հանձնարարությունները: Ավելին, ճնշման են ենթարկվել Ադրբեջանում աշխատող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունները:

 

«Նման սահմանափակումները շարունակում են բացասական ազդեցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության վրա, առանձնապես նրանց վրա, որոնք զբաղվում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով», -ասվում է զեկույցում:

 

Վենետիկի հանձնաժողովը ճիշտ չի համարում ոչ կառավարական կազմակերպությունների բաժանմունքների եւ ներկայացուցչությունների վերաբերյալ Ադրբեջանում ընդունված սահմանափակումները, եւ անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը պետք է պարզեցնի տեղական ՀԿ-ների գրանցման գործառույթը, վերացնի օրենսդրության մեջ մինչ այժմ ընդունված սահմանափակող փոփոխությունները:

Նույն շարքից