Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում Ռուսաստանի հետևից չգնալ դեպի գերեզման։ Իր վերաբերմունքն ընթացիկ իրադարձությունների և ապագա գործընթացների հանդեպ նախկին նախագահը հայտնել է Facebook սոցկայքում, փոխանցում է apsny.ge-ն։
«Մենք 2004-ին ստացանք երկիր՝ դատարկ գանձարանով, էներգետիկ համակարգով, որն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանի էներգետիկ համակարգից, երկիրը կապված էր ռուսական շուկային և լարին կապված էր ռուբլու հետ, հետևաբար՝ այն նույնպես տապալվեց 1998թ. ճգնաժամի ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչը նշել է, որ 2012-ին իրենք նոր կառավարությանը փոխանցեցին մի երկիր, որն արդեն ուներ անկախ էներգետիկ համակարգ, Ռուսաստանը ներառված չէր նույնիսկ առևտրային գործընկերների հնգյակում, նոր կառավարությանը թողեցին մի քանի անգամ ավելացած արժութային պահուստներ, մի քանի մլրդ ազատ գումար բյուջեում։
«Բիձինա Իվանիշվիլիի 2 տարվա կառավարումից հետո մենք կրկին հակվել ենք դեպի ռուսական շուկան, հետևաբար՝ լարին կախված է ռուբլուց, բյուջեում կա 1.5 մլրդ դեֆիցիտ, և մոտ ապագան մեզ ամբողջական տնտեսական փլուզում է խոստանում։ Մենք չպետք է թույլ տանք դա, քանի որ դրանից դուրս գալը դժվարագույն խնդիր կլինի ցանկացած հաջորդ կառավարության համար։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա դա Պուտինի անխուսափելի կործանման ֆոնին»,- ասել է Սաակաշվիլին։