Ակնհայտ փաստերից խուսափումն ամրապնդում է Ադրբեջանի վստահությունը, որ հրադադարի խախտումները և շարունակական սպառնալիքները գործելու ճիշտ ուղին են, գրում են Իսպանիայի խորհրդարանի բասկ անդամներ Ջոն Ինարիտուն և Ուրկո Այարցան New Eastern Europe կայքում:
Ինչպես նշվում է հոդվածում, Ալիևի վարչակարգը ճիշտ էր իրեն համարում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանման վայր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտենալն արգելելու որոշման հարցում, իսկ դա կարող էր հանգեցնել ծանր հետևանքների:
Կարելի էր ակնկալել այլ պատասխան, բայց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը սահմանափակվեց մարմինները վերադարձնելով՝ խուսափելով պատասխան գործողությունից: Դա ռազմական գործողություն էր, որն այս անգամ կանխեց լայնամասշտաբ պատերազմը, որը տարածաշրջանի և նավթից կախված արևմտյան տնտեսությունների համար աղետալի հետևանքներ էր ունենալու:
«Ոչ մեկ չի կարող վստահ լինել, որ հաջորդ անգամ մենք այսչափ բախտավոր կլինենք»,- գրված է հոդվածում:
Այս կոնտեքստում, գրում են հեղինակները, միջազգային կառույցների խոսքերը, երբ նրանք «կոչ են անում երկու կողմերին էլ….», «դիմում են կողմերին խուսափել քայլեր ձեռնարկելուց…», անհամաչափ են թվում:
«Միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ լեզու օգտագործի, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հիասթափություն առաջացնել և ինչն ավելի վտանգավոր է՝ անարդարության, լքվածության զգացողություն՝ ճանապարհ հարթելով մի բանի, ինչից մենք փորձում ենք խուսափել՝ ինքնուրույն լուծումներ գտնելուն»,- գրված է հոդվածում:
Հեղինակները եզրափակում են հոդվածը՝ հույս հայտնելով, որ երեք կյանքի ողբերգական կորուստն օգնել է բոլորին հասկանալ, որ «հատկապես դիվանագիտության մեջ իրերն իրենց անունով կոչելը նույնպես կարևոր է և առավելություններ ունի»: