Թուրքիայի Մարդին քաղաքի համաքաղաքապետ Ահմեթ Թուրքը Ստոկհոլմում հայտարարել է, թե քուրդ ժողովուրդն իսլամի անունից օգտագործվել է ցեղասպանության իրագործման համար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը:
Շվեդիայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Մարդինի համաքաղաքապետեր Ֆեբրունիյե Աքյոլն ու Ահմեթ Թուրքը, իսկ շվեդական Սիգթունա քաղաքը ներկայացրել է քաղաքապետն ու ավագանու ղեկավարը:
Քննարկմանը մասնակցել է արդեն մոտ մեկ տարի Շվեդիայում բնակվող թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն:
Ահմեթ Թուրքն իր ելույթում ընդգծել է, որ Քրդստանի իրական տերերը հայերը, ասորիներն ու եզդիներն են, որոնց 1911թ.-ից երիտթուրքերի որոշմամբ կոտորել են:
«1914-15թթ.-ին, երբ պետությունն այդ որոշումներն էր կյանքի կոչում, ցավոք քուրդ ժողովուրդն էլ օգտագործվեց բացահայտորեն: Մեր պապերի ու հայրերի այդ արարքների ցավն այժմ զգում ենք մենք՝ որպես նրանց զավակներ ու թոռներ: Երբեք ու երբեք մեր եղբայր ժողովուրդների ցավը չենք մոռանալու: Չպետք է մոռանանք: Հայ, ասորի և եզդի մեր եղբայրներից խնդրում ենք, որ ներեն մեզ»,-ասել է նա:
Նա պնդել է, որ 30 տարի շարունակվող քրդական ազատական պայքարը պատկանում է ոչ միայն քրդերին, այլև Միջին Արևելքի բոլոր ազգերին:
Իր ելույթում Ռագըփ Զարաքօլուն նշել է, որ առայսօր Հայոց ցեղասպանությանը Թուրքիայում չեն առերեսվել, իսկ 1914-1915թթ. Թուրքիայում տեղի ունեցածը կարելի է ջիհադ կոչել: