Ռուսաստանը կպատասխանի այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Ղրիմի հանդեպ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ այժմ «հարաբերություններն Ամերիկայի հետ կթունավորվեն տասնամյակներով», փոխանցում է newsru.com-ը։
«ԱՄՆ նախագահը հակառուսական օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս ամերիկացի ցանկացած նախագահի ցանկացած ժամանակ պատժամիջոցներ կիրառել մեր երկրի դեմ։ Ինչպես և Ջեքսոն-Վենիկի օրենքի պարագայում, մեր հարաբերություններն Ամերիկայի հետ կթունավորվեն տասնամյակներով»,- գրել է վարչապետը։
Մեդվեդևը հիշատակել է նաև Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակից հրաժարվելը, որը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուղարկել է Գերագույն ռադա։ Վարչապետը վստահեցնում է, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, նշանակում է ՆԱՏՕ-ին անդամակցություն, իսկ Կիևը դառնում է Մոսկվայի պոտենցիալ ռազմական հակառակորդ։
«Այդ երկու որոշումները ծայրահեղ բացասական հետևանքներ կունենան։ Եվ մեր երկիրը ստիպված կլինի արձագանքել դրանց»,- նշել է Մեդվեդևը։