Միջազգային 

Յանուկովիչը՝ Ուկրաինայի արևելքում պատերազմի մեղավորների մասին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով, ըստ լրատվամիջոցների, այժմ թաքնվում է Ռուսաստանում, հարցազրույց է տվել «Аргументы и Факты» պարբերականին, որում նշել է Ուկրաինայի արևելքում պատերազմի մեղավորներին, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Կրակի վրա յուղ են լցրել այն մարդկանց քայլերը, ովքեր զավթեցին իշխանությունը՝ լեզուների մասին օրենքը չեղարկելով, սեփական «հերոսներին» և իդեալները պարտադրելով։ Նոր ղեկավարների համար Մայդանը քիչ էր, նրանք որոշեցին ստորացնել Դոնբասը»,- նշել է Յանուկովիչը։

 

Նրա խոսքով՝ ամենամեծ պատասխանատվությունն ընկած է Գերագույն ռադայի նախկին խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա, ով նաև երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

 

«Լինելով նախագահի ոչ օրինական պաշտոնակատար՝ նա որոշում է կայացրել բանակը հանել սեփական ժողովրդի դեմ։ Մայդանում ամենաողբերգական պահերին ես, լինելով ընտրված նախագահ և ունենալով բոլոր օրինական հիմքերն ուժ կիրառելու համար, դա չարեցի»,- ասել է նախկին նախագահը։

 

Խոսելով 2013-ի նոյեմբերի 30-ին Մայդանը ցրելու մասին՝ Յանուկովիչը հայտարարել է, որ մեղավորն իր վարչակազմի ղեկավար Սերգեյ Լյովոչկինն է։ Իր մասնակցությունն այդ գործին նախկին նախագահը հերքում է։

 

«Հասկանալու համար, թե ով է այդ ամենի ետևում կանգնած, պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու եղել։ Ինձ դա բոլորովին ձեռնտու չէր։ Իհարկե, ցուցարարներին ցրելու ոչ մի հրաման չի եղել և չէր կարող լինել»,- ասել է Յանուկովիչը։

 

Նրա կարծիքով՝ ակտիվիստներին ցրելը եղել է լավ կազմակերպված սադրանք՝ բողոքի խաղաղ ցույցերը ծայրահեղական ուղով տանելու համար։

 

«Ես չունեմ անմիջական ապացույցներ, որ նոյեմբերի 30-ի սադրանքի ետևում կանգնած է Լյովոչկինը։ Սակայն այդպիսի կասկածներն ունեն բավականին ծանրակշիռ հիմքեր»,- հայտարարել է նախկին նախագահը։

 

Նույն շարքից