Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքն էներգառեսուրսների տարանցումից առավելագույնս օգտվելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է ria.ru-ն:
«Թուրքական տնտեսությունն աճում է, աճում է էներգառեսուրսների պահանջարկը: Մենք էներգիայի աղբյուրներ չունենք, բայց փոխարենը գտնվում ենք էներգետիկ ճանապարհների խաչմերուկում և կարող ենք շահել էներգառեսուրսների տարանցումից: Այնպես, ինչպես բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա էներգիայի աղբյուրների մատակարարման բոլոր ճանապարհների անցման վայր»,- հայտարարել է Դավութօղլուն Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում դեսպանների հետ հանդիպմանը:
Այն երկրների թվում, որոնցից Թուրքիան կարող է էներգառեսուրսներ անցկացնել, Դավութօղլուն նշել է Ռուսաստանը, որի հետ հարաբերությունները, նրա խոսքով, այժմ զարգանում են և «վերջին 500 տարվա ընթացքում գրանցում ամենալավ շրջանը»:
«Մեր լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ չեն նշանակում Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ: Կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ՝ առաջանում է գազամատակարարման այլ ճանապարհների անհրաժեշտություն, և մենք այժմ դիտարկում ենք այդ առիթով Ռուսաստանի առաջարկները: Թուրքիան, հաշվի առնելով իր աշխարհագրությունը, կարող է ապահովել էներգառեսուրսների մատակարարման ամենահեշտ միջոցն այնտեղ, որտեղ կա դրա անհրաժեշտությունը»,- հավելել է Դավութօղլուն: