Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահեցնում է, որ ընդդիմության առաջնորդները մահափորձ էին նախապատրաստել իր դեմ՝ իշխանությունից հեռացնելու համար։ Նման հայտարարություն Յանուկովիչն արել է ռուսական Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Обозреватель-ը։
«Նրանք միայն մի ելք ունեին՝ գտնել ինձ իշխանությունից հեռացնելու սահմանադրական 4 միջոցներից մեկը։ Իմպիչմենթը չստացվեց։ Ինձ անգործունակ ճանաչել, երբ ես ողջ-առողջ եմ, անհավանական էր։ Մնում էր ևս 2 միջոց՝ ինքնակամ հրաժարական կամ մահ։ Ընդդիմության առաջնորդները զանգահարում էին ինձ և համոզում հրաժարական տալ։ Ես կտրականապես հրաժարվեցի։ Դրանից հետո սկսվեցին կոնկրետ գործողություններ, որոնք սպառնալիք էին ներկայացնում ինձ և ինձ ուղեկցող մարդկանց համար։ Այն տեղեկության համաձայն, որը ես ստանում էի, և, ամենակարևորը, մահափորձերից ես հստակ հասկացա՝ ինձ որոշել են սպանել»,- պատմել է Յանուկովիչը։
Նրա խոսքով՝ ոչ միայն որոշել էին, այլև ամեն ինչ արել դրա համար։ Նախկին նախագահի ավտոշարասյան ուղղությամբ մի քանի անգամ կրակել են։ Վիրավորվել է թիկնապահներից մեկը։ Հենց այդ պատճառով էլ Յանուկովիչին անհրաժեշտ է եղել տեղափոխվել մի վայր, որտեղ ուժայինները դեռևս հավատարիմ էին իրենց երդմանը, ենթարկվում էին Գլխավոր հրամանատարին։
Նախկին նախագահի խոսքով՝ Ղրիմում գտնվելու ժամանակ իր մոտ հարց է առաջացել ՝ ինչ անել։ Եվ որոշել է փախչել Ռուսաստան։
«Ինքնակամ գերի հանձնվելու մասին խոսք լինել չէր կարող։ Դավադիրներին կենդանի Յանուկովիչը, որպես իրենց հանցագործությունների ականատես, պետք չէր։ Մնում էր 2 տարբերակ՝ կամ ես օգտագործում էի ինձ հավատարիմ ուժերը և վերականգնում սահմանադրական կարգն Ուկրաինայում, կամ ստիպված էի լինելու հեռանալ երկրից»,- ասել է Յանուկովիչը։