Ռուսաստանն ընդլայնում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)՝ փորձելով մրցակցել Եվրոպական միության հետ, գրում է Газета-ն՝ հղում անելով The Los Angeles Times պարբերականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Մոսկվայում ընդունել են ԵՏՄ-ի նոր անդամներին։ Այժմ միությունը բաղկացած է Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից, նոր տարվանից այն կհամալրեն Հայաստանն ու Ղրղզստանը։
Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, նախկին խորհրդային պետությունների նման դաշինքը մտածված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ որպես հակակշիռ ԵՄ-ին, որի առևտրային և քաղաքական «ասիմիլացիան» հասել է մինչև Ռուսաստանի սահմաններ։ Խոսքն Արևելյան Եվրոպայի երկրների մասին է, որոնք ընդգրկված էին Տնտեսական փոխօգնության խորհրդի կազմում «սառը պատերազմի» տարիներին, և Մերձբալթյան երկրների մասին, պարզաբանում է պարբերականը։
Բացի այդ, ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ տարաձայնություններ են առաջացրել ԵՏՄ-ի ներսում։ Մասնավորապես՝ Ռուսաստանի պատասխան գործողությունները թույլ են տվել Բելառուսին եվրոպական ապրանքներ գնել և վերավաճառել դրանք ռուս ներմուծողներին, ինչը Կրեմլի դժգոհության պատճառ է դարձել։
Պարբերականը գրում է նաև, որ ԵՏՄ-ի հավաքական զարգացմանը դժվար թե նպաստի Ղրղզստանի անդամակցությունը, որն ամենաաղքատն է խորհրդային նախկին պետություններից։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նույնպես ավելի շատ տնտեսական խնդիրներ կառաջացնի, քան հեռանկարներ, նշվում է հոդվածում։