Եվրամիության մի շարք երկրներ զուսպ են եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, սակայն այժմ ոչ մեկ չի թաքցնում, որ հենց Միացյալ Նահանգներն է ստիպել ողջ ԵՄ-ին ենթարկվել իր պահանջներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Взгляд»-ը:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրած օրենքը, որը թույլ է տալիս նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան կտեսնի, թե ինչպես է այդ փաստաթուղթն աշխատելու:
«Մենք արդեն ասել ենք, որ կտեսնենք, թե ինչպես է այդ օրենքը կյանքի կոչվում: Այն իրավունք է տալիս ԱՄՆ-ի նախագահին անել մի բան կամ չանել որևէ բան: Կտեսնենք, թե ինչպես է դա լինելու գործնականում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը:
Օրերս Մոսկվան հայտնել էր, որ նոր պատժամիջոցների սահմանումը ՌԴ-ն անպատասխան չի թողնի։
Միացյալ Նահանգներն ու եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։