Ժամանակն է մտածելու ապագա Եվրասիական միության շրջանակներում մի ալյանսի ձևավորման մասին, որը կարող է ակտիվորեն համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով կայացած Ռուսաստան–Հայաստան–Վրաստան–Մոլդովա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Ես տեսնում եմ մեծ հեռանկարներ և կարծում եմ, որ այն բոլոր երկրները, որոնք կմտնեն Եվրասիական միություն, պետք է դառնան ՇՀԿ-ի լիիարավ անդամ»,- ասաց Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ այդ ալյանսը կարող է արգելակիչ ուժ հանդիսանալ նրանց համար, ովքեր փորձում են հետխորհրդային տարածքում ապակայունացնել իրավիճակը: Այս հարցում, ըստ նրա, մեծ դերակատարում կարող է ունենալ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):
Ա. Սարգսյանի խոսքով՝ հասկանալի է, որ Արևմուտքին ձեռնտու է հետխորհրդային տարածքում ապակայունություն հրահրելը, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք մեծ վտանգներ են սպասում Ռուսաստանից և հետևաբար՝ այն երկրներից, որոնք համագործակցում են նրա հետ: Խոսքն այստեղ նաև Հայաստանի մասին է:
«Լոզունգները մեզ չեն փրկի, հատկապես՝ երբ դրանք հակասում են գործին: Հիմա մաքրման ժամանակն է»,- նկատեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի միության անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ:
Նա անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ըստ նրա՝ այդ ամենը իրեն հիշեցնում է 1990-ականների Հայաստանի և Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանի իրավիճակը. Այդ ժամանակ բոլորը մտածում էին, թե Արևմուտքը կփրկի իրենց: Ա. Սարգսյանի կարծիքով՝ դա էյֆորիա է, որը շատ արագ հօդս կցնդի:
Իսկ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, ցանկացավ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գլոբալ մրցակցության պայմաններում ցանկացած միության շրջանակներում մեծ դեր ունի համակարգերի արդյունավետությունը:
«Մաքսային Միությունն ու Եվրասիական միությունը հզոր կլինեն, եթե բոլոր համակարգերը աշխատեն արդյունավետ: Կա շատ կարևոր հարց, որը վերաբերում է հենց քաղաքացիներին՝ ի՞նչ կստանա քաղաքացին Եվրասիական տնտեսական միության ձևավորումից: Մենք խոսում ենք մակրոտնտեսության, գլոբալ փոփոխությունների մասին, բայց ես համարում եմ, որ հիմնական հարցն է՝ նշված համակարգը որքա՞ն արդյունավետ կլինի սոցիալական խավի համար: Շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու շահը: Յորքանչյուր պետություն ունի իր ճանապարհն ու մոտեցումները: Մենք Հայաստանում համարում ենք, որ պետք է բերափոխումներ տեղի ունենան մի քանի ուղղություններով, որոնք արդյունք կտան և կգործեն մեր համակարգերի զարգացման համար»,- նշեց պատգամավորը:
Երևանի աշխարհաքաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Բարենցն էլ առաջարկեց Մաքսային Միության հարցն ավելի լայն շրջանակներում դիտարկել: «Խոսքը Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքակրթական հարաբերությունների մասին է: Այդ թվում՝ ռուս-հայակական ռազմական համագործակցության, կամ տնտեսական հարաբերությունների կարգավորման: Դրանք այնքան պատմական չեն, որքան մետապատմական՝ ավելի քան հազար տարի: Այս հարցում պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ հարաբերություններին: Մեզ քաղաքակիրթ միություն է պետք»,- նկատեց Ռ. Բարենցը:
Նշենք, որ այս տեսակամուրջը «Եվրասիական ընտրություն» ընդհանուր խորագրով միջազգային միջոցառումների շարքի շարունակությունն էր: Շարքի հիմնական նպատակը քաղաքացիներին ներկայացնելն է այն տնտեսական առավելությունները, որոնք կտա անդամակցությունը ստեղծվող միությունում։