Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է օգտագործի իր անհատականության ներուժը հարկահավաքության համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով բիզնեսի թափանցիկ աշխատանքի անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությունը:
«Եթե նա սկսի ազդել բիզնեսի վրա, օգտագործելով իր անհատականության գործոնը, ապա շատերին կարող է հարկային դաշտ տեղափոխել առանց ավելորդ խնդիրների: Սակայն դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ», - նշեց Մակարյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունն ու գործարար շրջանակները բավարար չափով չեն անհանգստանում ռուսական շուկայի պահանջներին արձագանքելու մասին:
Նրա խոսքով, տարեսկզբից ինքը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, որտեղ հանդիպել է տեղական ձեռներեցների հետ: Նրանցից շատերը հայտարարել են ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրահամ եւ հանքային ջրերի ու լիմոնադի մեծ պահանջարկի մասին: «Նրանք գործնականում պատրաստ են գնել այն ամենը, ինչ Հայաստանը կմատակարարի: Սակայն իշխանությունները, ինչպես նաեւ այդ մասին իմացող գործարարները չեն շտապում ակտիվացնել այդ ոլորտը»,- ասաց Մակարյանը:
Բացի այդ, ռուսական շուկայում շատ մեծ է միջնորդների դերը, որոնց հետ աշխատելու համար մեծ քանակությամբ առաքում եւ շրջանառվող միջոցներ են հարկավոր: «Սովորաբար անհրաժեշտ գումարը սկսվում է 10 հազար դոլարից: Ոչ բոլոր հայ գործարարներն են ցանկանում հաղթահարել այդ արգելքը, այդ պատճառով սկսում են աշխատել ռուսական միջնորդների հետ: Իսկ վերջինները նաեւ մի շարք պայմաններ են առաջադրում, այդ թվում՝ ապրանքի իրացման բացառիկ իրավունք: Իսկ հայերն այդ այնքան էլ չեն սիրում ու երբեմն սկսում են գաղտնի աշխատել այլ գործընկերների հետ»,- հավելեց Գագիկ Մակարյանը:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանը 11.1 մլն դոլարի սովորական եւ հանքային ջուր, ինչպես նաեւ լիմոնադ է արտահանել: Արտահանման ծավալների մեծ մասը (8.8 մլն) բաժին է ընկել Ռուսաստանին:
Գագիկ Մակարյանն անդրադարձավ նաև միջազգային շուկայում Հայաստանի մրցակցային առավելություններին, և ասաց, որ դրանցից մեկը կարող է լինել աշխատուժի ցածր արժեքը:
Միջին որակավորման աշխատանքի համար, որը ԱՄՆ-ում գնահատվում է ամսական 2 հազար դոլար, իսկ Հարավ-արեւելյան Ասիայում՝ 800 եվրո, Հայաստանում գնահատում են 350 եվրո: Բացի այդ, Հայաստանում եկամտահարկը շատ ավելի ցածր է 24.4%-ից մինչեւ 36%, այն դեպքում երբ շատ արեւմտյան երկրներում այն գերազանցում է 45%-ը: Մակարյանը հավելեց նաեւ, որ Հայաստանում փոքր բիզնեսի համար պայմանները բավականին լավն են: 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում (150 հազար դոլարից մի փոքր քիչ) հարկվում է շրջանառությունից մինչեւ 3,55-ը: Իսկ մինչեւ 18 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում (40 հազար դոլարից մի փոքր շատ) առանց վարձու աշխատողների ընտանեկան բիզնեսը ընդհանրապես ազատված է հարկերից: