Այսօր կառավարության նիստից հետո, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փորձում էր որքան հնարավոր է արագ հեռանալ, ՀՀ կառավարության շենքի մոտ կանգնած քաղաքացիներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, եւ ինչպե՞ս է ինքը վճարելու: Քաղաքացու հիշյալ հարցին Երվանդ Զախարյանը ժպտալով այսպես պատասխանեց.«Մի կերպ պիտի մուծեք»: Քաղաքացին հարցրեց, թե ինչ է նշանակում՝ մի կերպ .«Ո՞նց թե մի կերպ, ի՛նքն է մուծելու իմ լույսը, դու՛ք եք մուծելու իմ լույսի փողը, շոր էլ, կոշիկ էլ չունենք, որ վաճառենք, սա է իմ հագուստը»,- արձագանքեց կինը: Քաղաքացին նաեւ նշեց, որ 27 հազար դրամ թոշակ է ստանում: Երվանդ Զախարյանը լսել այլեւս չցանկացավ: Նա արագ նստեց ծառայողական իր մեքենան եւ հեռացավ:
Լրագրողների հետ զրույցում էլ Երվանդ Զախարյանը նշեց միայն, որ առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ բոլոր հետաքրքրող հարցերին կտա սպառիչ պատասխան:
Նշենք, որ վաղվանից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա մոտ տասը տոկոսով: Սույն որոշումը հուլիսի մեկի նիստում ընդունել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հանձնաժողովը պատճառաբանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ունեցած ֆինանսական ճեղքվածքով: