Տնտեսություն 

Վրաստանից ամենաշատը ներմուծում ենք պարարտանյութ, արտահանում` շիշ

 

Վերջին տարիներին նկատվում է Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության ակտիվացում: Գաղտնիք չէ, որ Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները կենսական նշանակություն ունեն շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:

 

2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անկում ապրեց, այդ ֆոնին՝ նաև  Վրաստանի հետ: Եթե 2008-ին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմում էր ավելի քան 131 մլն ԱՄՆ դոլար, ապա մեկ տարի անց՝ 2009-ին, նվազեց մինչև մոտ 94 մլն ԱՄՆ դոլարի:

 

2010-ին այդ ցուցանիշը աճեց՝  հասնելով 103 մլն  ԱՄՆ դոլարի: Դրան հաջորդող տարին գրանցվեց 122 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշը, իսկ 2012-ին  որոշ չափով անկում արձանագրվեց՝ մոտ 120 մլն ԱՄՆ դոլար:

 

Նախորդ տարի՝ 2013-ին, Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճեց՝ հասնելով մոտ 152 ԱՄՆ դոլարի: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 27%-ով: Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 2.6%-ը: Սա վերջին 6 տարում գրանցված ամենամեծ ցուցանիշն  է Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության մեջ: Այսպիսով, վերջին տարիներին ունենք հետևյալ պատկերը.

 

 

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման հաշվին: Թեպետ, նկատելի է, որ ներմուծման ցուցանիշներն ավելի բարձր են, սակայն մեզ համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանից դեպի այս երկիր արտահանումն աճել է: Մասնավորապես, 2013 թվականի տվյալներով՝ Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է 21.5 %-ով, իսկ ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 34.7%-ով և ըստ առևտուր անող երկրի՝ 47.7%-ով:  Արտահանումը կազմել է 86,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը, ըստ ապրանքի ծագման երկրի,  65,8 մլն ԱՄՆ  դոլար:  Այսինքն՝ Վրաստանը  Հայաստանի համար այն քիչ երկրներից է, որի հետ ունի դրական առևտրի հաշվեկշիռ՝ ավելի շատ արտահանում է, քան ներմուծում:

 

Պարզվում է, որ 2013-ին մեր երկրում արտադրված ցեմենտի ընդհանուր ծավալի մոտ 43 %-ն արտահանվել է Վրաստան:  Արտահանվող ցեմենտի ծավալն անցյալ տարի, 2012 թվականի համեմատ, աճել է 36 %-ով՝ կազմելով ավելի քան 185 հազ. տոննա (11,8 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում՝ Վրաստանից բացի Հայաստանից որևէ այլ երկիր ցեմենտ չի արտահանվել:  Արդյունքում, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2013 թվականին Հայաստանից ներմուծումը կազմել է Վրաստան կատարված ընդհանուր ներմուծման  2.5%-ը: Այնուամենայնիվ, Վրաստանի առևտրային գլխավոր գործընկերները շարունակում են մնալ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը:

 

Հայաստանից Վրաստան  արտահանման ընդհանուր ծավալի մեջ զգալի են նաև շշի (ապակյա տարրա, 16.4 մլն ԱՄՆ դոլար), փաթեթավորման իրերի (5.5 մլն դոլար), սիգարետի  (3,6 մլն ԱՄՆ դոլար), էթիլային սպիրտի (5,5 մլն ԱՄՆ դոլար)  ցուցանիշները: Առաջին տեղում շիշն է, երկրորդում՝ ցեմենտը:

 

Վրաստանից ամենաշատը ներմուծում ենք ազոտական պարարտանյութ՝ 12.5 մլն դոլարի: Ինչպես նաև պողպատյա ձող (7 մլն ԱՄՆ դոլար), փայտյա սալիկներ (6.7 մլն ԱՄՆ դոլար), ցիտրուս (3 մլն ԱՄՆ դոլար):

 

Նաև չմոռանանք, որ Վրաստանը միջնորդավորված Հայաստան է արտահանում թուրքական ապրանքներ: Հայտնի են նաև Ռուսթավիի և Թբիլիսիի ավտոշուկաները, որտեղից Հայաստան են  ներկրվում էժան ավտոմեքենաներ և պահեստամասեր: Իսկ մեծ թվով մեքենաներ և պահեստամասեր Հայաստան են ներկրվում  Վրաստանի տարածքով: Օրինակ, այն ավտոմեքենաները, որոնք վրացիները գնում են արտերկրից ու հետո վաճառում հայերին, չեն  համարվում վրացական արտադրություն, բայց ներառվում են  Հայաստան կատարված արտահանման ծավալների մեջ:


Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից