Տնտեսություն 

ՀՀ արտաքին տնտեսական պարտքն ուղղվում է բացառապես նախորդ պարտքերը մարելուն և գոյատևելուն, բայց ոչ՝ տնտեսության զարգացմանը. տնտեսագետ

Արտաքին պարտք վերցնելն ինքնին բացասական երևույթ չէ, եթե, իհարկե, տվյալ պետությունն ունի պարտքը վերադարձնելու ունակ տնտեսություն:  Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիս ամսվա ընթացքում ավելացել է 0.13 տոկոսով (6 մլն 26 հազար դոլար) և կազմել է 4 մլրդ 556 մլն 900 հազար դոլար։  

 

«Ցավոք, Հայաստանի պարագայում արտաքին պետական պարտք վերցնելն ավելի բարդ է, քանի որ երկիրն ի զորու չէ սեփական միջոցներով սպասարկել այդ պարտքը: Արտաքին պարտքի մասով ՀՀ վարած քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, միտված չէ տնտեսության զարգացմանը»,- նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ որքան էլ իշխանական շրջանակները հայտարարեն, որ հայաստանյան տնտեսությունը դուրս է եկել ճգնաժամային իրավիճակից, միևնույնն է, այն մնում է ծանր կացության մեջ:

Տնտեսագետի խոսքով, արտաքին տնտեսական պարտքը պետք է ուղղված լինի նոր աշխատատեղերի բացմանը, տնտեսության բարգավաճմանը, ինչպես որ ԱՄՆ-ում է՝ չնայած այդ երկրի՝ արտաքին ահռելի պարտքի:

 

Ամնփոփելով՝ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ Հայաստանի պարագայում արտաքին տնտեսական պարտքն ուղղվում է բացառապես նախորդ պարտքերը մարելուն և գոյատևելուն, բայց ոչ՝ տնտեսության զարգացմանը:

Նույն շարքից