Տնտեսություն 

«Tax Free»-ի միջոցով ավելի քան 40 մլն դրամ վերադարձվել է ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացիներին

 

 Հայաստանում «Tax Free» համակարգի ներդրման արդյունքում այս տարվա հուլիսի 15-ի  դրությամբ ավելացված արժեքի հարկի գումարներ են վերադարձվել 399 օտարերկրյա քաղաքացու՝ 40 միլիոն 174,5 հազար դրամ ընդհանուր գումարով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Խոսքն այն «Tax Free»-ի մասին, որի գրությամբ կանաչ ցուցաթերթիկներ հանդիպում ենք հանրապետության տարբեր խանութներում և վաճառքի կենտրոններում: Թեպետ այս համակարգը Հայաստանում ներդրվել է այս տարվա մարտի 1-ից և դրա մասին տեղեկացվել է լրատվամիջոցներով, սակայն մեր հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիներից քչերը գիտեն, թե ինչ է դա: Նույնիսկ՝ նշված խանութների աշխատակիցները հաճախ կամ տեղյակ չեն դրանից, կամ մակերեսային պատկերացում ունեն:

 

«Tax Free»-ին Հայաստան ժամանակ օտարերկրյա քաղաքացիների համար է: Եթե նշված քաղաքացին գնումներ են կատարում «Tax Free» ցուցաթերթիկով խանութից և  ապրանքները Հայաստանից դուրս է տանում՝ արտահանում, ապա մաքսատանը կամ օդանավակայանում նրանց է վերադարձվում ապրանքի համար գանձված 16,67 % ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):  Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից: 

 

Համակարգը նպատակ ունի խթանել արտահանումը: Ֆինանսների նախարարությունը ավելի վաղ կատարած հայտարարությամբ վստահեցրել է, որ «Tax free»-ի մասին անհրաժեշտ ցուցումներով ու տեղեկատվությամբ բուկլետները հասանելի են մեր հանրապետության հյուրերին` ինչպես սահմանային բոլոր անցակետերում, այնպես էլ՝ սպասարկման վայրերում: Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն գերազանցել է 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում:

 

Այսինքն՝ «Tax free»-ից օգտվելու համար գնորդը պետք է խանութում հատուկ կտրոն լրացնի և այն ներկայացնի մաքսային մարմնին: Ապրանքի գնման չեկն ու ՀԴՄ կտրոնը ներկայացվում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված որեւէ բանկի գործառնական գրասենյակ՝ գումարը կանխիկ ստանալու համար:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի  խոսքով՝ համակարգի միջոցով  հնարավոր է մինչև 1.5 միլիարդ դրամի ԱԱՀ վերադարձ:

 

 «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:  Ամեն դեպքում՝  «Tax free»-ն գործում է միայն ապրանքների համար, ծառայությունների համար՝ ոչ:

 

Մեր հարցմանն  ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը ներկա դրությամբ կարելի է կանխիկ ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված որևէ բանկի (սահմանափակումներ չկան) գործառնական գրասենյակի միջոցով:

 

«Tax Free» համակարգը տարբեր երկրներում գործում է տարբեր կանոններով: Վրաստանում, օրինակ, ԱԱՀ-ն կազմում է 18%, բայց ըստ երևույթին՝ «Tax Free»-ի միջոցով վերադարձվում է 15%-ը (Տարբեր երկրներում «Tax Free»-ի կիրառման տարբերություններին կանդրադառնանք առանձին նյութով):


 Հիշեցնենք, որ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի համալիրում ևս գործում է երկու անմաքս առևտրի խանութ՝ Dufry Armenia անունով: Dufry-ն հանրային ցուցակված ընկերություն է, որ գործառնություն է իրականացնում ավելի քան 1200  անմաքս և   հարկատու առևտրի խանութներում`  Եվրոպայի, Աֆրիկայի, Եվրասիայի, Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան կղզիների, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի 44 երկրներում: Դրանք կարելի է գտնել օդանավակայաններում, նավահանգստյան կետերում, երկաթուղային կայարաններում, քաղաքի կենտրոնում, ինքնաթիռներում և նույնիսկ հնարավոր է կատարել առցանց գնումներ: 

Սեդա Հերգնյան

 

 

 

Նույն շարքից