Տնտեսություն 

«Կանաչ» էներգետիկայի եւ էներգամատակարարման համար Հայաստանը 40 մլն դոլար կստանա

Հայաստանը 40 մլն դոլար կստանա այլընտրանքային էներգետիկայի եւ էներգամատակարարման համար: Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի նախագահ Թամարա Բաբայանը:


Նրա խոսքով, միջոցները տրամադրվելու են «Այլընտրանքային էներգետիկայի զարգացման» ծրագրի շրջանակում (Scaling Up Renewable Energy Program)՝ Կլիմայական ներդրումների հիմնադրամներից (Climate Investment Funds), որոնցից մեկը վաղուց Հայաստանում գործող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն է (ՎԶԵԲ):


Ֆինանսավորման գերակշիռ մասը՝ 28 մլն դոլար, ուղղվելու է արեւային կայանների կառուցմանը, այդ թվում՝ նախագծային փաստաթղթերին եւ արեւային ճառագայթման ինտենսիվության մոնիթորինգին: Եվս 9 մլն տրամադրվելու է ստորգետնյա տաք ջրերի ուսումնասիրությանը՝ գեոջերմային կայաններ կառուցելու նպատակով: Վերջապես, եւս 3 մլն դոլար էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցով տրամադրվելու է արեւային ջրատաքացուցիչների գնման վարկավորմանը: Վարկավորման ծրագրին մասնակցող տեղական բանկերը ՎԶԵԲ-ից անմիջապես հետ են ստանալու դրանց արժեքի 10%-ը:


 

Հայաստանի Էներգետիկայի նախարարությունում արդեն քննարկել են ցանցում հետադարձ մատակարարմամբ արեւային էլեկտրակայաններ տեղադրելու հարցը: ԱԹամարա Բաբայանի  խոսքով, գերատեսչությունում հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային մարմինների հետ հնարավոր հարցերը, որոնք կարող են առաջանալ «Էլցանցի» հետ բաժանորդների փոխվճարային խնդիրների դեպքում, քանի որ նրանք շուտով սկսելու են ոչ միայն սպառել, այլեւ իրենք էլեկտրաէներգիա արտադրել:

 

 

Ներկայում Հայաստանում հաստատված չէ արեւային էլեկտրաէներգիան ցանցում բացթողելու սակագինը, այդ պատճառով ցանցի հետ փոխվճարային սակագինը չի կարող լինել ավելի, քան 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի այս սակագինն է գործում տնային տնտեսությունների համար:

 

 

«Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի, եւ արեւային ջրատաքացուցիչներն ու կայանները տարածում կգտնեն: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ դրանք ամենուր հնարավոր չէ տեղադրել»,- հավելեց Բաբայանը:

 

 

Բազմաբնակարանային շենքերում այն կարելի է տեղադրել միայն տանիքին, իսկ մոնտաժման եւ սպասարկման աշխատանքները պետք է կատարեն մասնագետները՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: «Մենք «կույր» քարոզչություն չենք ցանկանում անել: Մեկ խափանում՝ եւ մեր հեղինակությունը կընկնի»,- բացատրեց Բաբայանը:


 

4-5 ընկերություններ բանակցություններ են վարում Հայաստանում արեւային էլեկտրակայանների կառուցման շուրջ: Այդ ընկերությունները հետաքրքրված են ինչպես Հայաստանում արեւային ճառագայթման պոտենցիալով, այնպես էլ բարենպաստ իրավական դաշտով:

 

«Հունիսին ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների համար 20 տարվա ընթացքում ցանցում երաշխավորված սպառում է նախատեսվում: Մնում է միայն արեւային էլեկտրաէներգիայի համար սակագին որոշել»,- պարզաբանեց Բաբայանը:

 

 


Նույն շարքից