Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի հետ եւ նրան հանձնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Միաժամանակ նշվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը, մոտակա ժամանակներին միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման, ինչպես նաեւ գործարար համաժողովի կազմակերպման կարեւորությունը:
Անդրադարձ եղավ Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին: Ընդգծվեց լիբանանահայ համայնքի կարեւոր դերը Լիբանանի զարգացման գործում:
Լիբանանի վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: