Տնտեսություն 

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական արտադրության մթերքն իրացվի Ռուսաստանում. Սերժ Սարգսյան

ՀՀ կառավարությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում արտադրվող մթերքն իրացվի Ռուսաստանում։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու»,– ասել է նա:

 

Անդրադառնալով  կանխարգելիչ միջոցառումներին, նախագահը նկատել է, որ ՀՀ կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: «Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետևանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:

 

Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որևէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին և այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարևորն աճ ունենալն է, և կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաև նոր ի հայտ եկած հնարավորություններից»,– նշել է նա:

«Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք»,– ասել է նա:

 

Նույն շարքից