Միջազգային 

ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կավարտի մարտական առաքելությունն Աֆղանստանում. Օբամա

ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կավարտի իր մարտական առաքելությունն Աֆղանստանում: Այս հայտարարությամբ ամերիկացի զինծառայողների հետ կայացած հանդիպմանը հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որն այս օրերին Սուրբծննդյան արձակուրդ է անցկացնում Հավայներում:


«Մենք անընդմեջ պատերազմի վիճակում ենք եղել ավելի քան 13 տարի»,- ասել է նա՝ նկատի ունենալով գործողությունը, որը 2001 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում սկսվել է Վաշինգտոնում եւ Նյու Յորքում կատարված ահաբեկչական գործողություններին ի պատասխան:


«Հաջորդ շաբաթ մենք ավարտում ենք մեր մարտական առաքելությունն Աֆղանստանում»,- հավաստիացրել է Օբաման: Նա վստահություն է հայտնել, որ ամերիկյան ռազմարշավի շնորհիվ աֆղանցիները «հնարավորություն ունեն վերականգնելու իրենց երկիրը», ամրապնդվել է Միացյալ Նահանգների անվտանգությունը: Աֆղնանստանն «այլեւս չի դառնա ահաբեկչական հարձակումների աղբյուր», ասել է Սպիտակ տան ղեկավարը:


Միաժամանակ նա նշել է, որ առջեւում դեռ «դժվարին առաքելություններ կան աշխարհի տարբեր մասերում, ներառյալ Իրաքը», որտեղ ԱՄՆ-ը մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից