Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն չի մասնակցել Եվրամայդանի իրադարձություններին, քանի որ նրա մասնակիցները կոչ են արել ազատել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ով այդ ժամանակ գտնվել է բանտում, գրում է Украинская правда-ն։
«Երբ ամբողջ Մայդանը բղավում է՝ «Ազատությո՛ւն Յուլյային», ես այնտեղ տեղ չունեմ»,- ասել է նախկին նախագահը՝ պատասխանելով այդ իրադարձություններին չմասնակցելու պատճառների մասին հարցին։
Լրատվամիջոցին տված հարցազրույցի մեծ մասը Յուշչենկոն նվիրել է Տիմոշենկոյի քննադատությանը՝ վստահեցնելով, որ նա գործում է հանուն Կրեմլի շահերի և սեփական հավակնությունների։
«Պուտինը չունի ավելի մեծ ապակայունացնող քաղաքական գործոն Ուկրաինայում, քան Տիմոշենկոն։ Եթե Տիմոշենկոն համբերի մինչև Պյոտր Պորոշենկոն առաջին անգամ սայթաքի, ապա դուք կտեսնեք Տիմոշենկոյի առաքելությունը»,- կարծում է Յուշչենկոն։
Նախկին նախագահը խուսափել է նաև ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Մայդանի առաջնորդներն արգելել են իրեն մասնակցել գործողություններին։
«Հարցն այն չէ՝ թողել են, թե ոչ։ Ես լավ հասկանում էի, որ այդ քաղաքական շրջանում հայտնված առաջնորդներն ուրիշ նախագիծ ունեին՝ զուգահեռ այն գործողությանը, որը տեղի է ունենում հրապարակում»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ տեսնելով իրական պատկերը՝ հասկացել է, որ ազգային դժբախտության մեջ են հայտնվելու։
Նա նաև վստահեցրել է, որ եղել է Մայդանում, իսկ իր ընտանիքի անդամները նույնպես երևում են այդ իրադարձությունների շատ լուսանկարներում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի վերջին եվրաինտեգրումից հրաժարվելու Ուկրաինայի այդ ժամանակվա իշխանությունների որոշումից հետո բազմաթիվ ուկրաինացիներ դուրս եկան փողոց, սկսվեց «Եվրամայդան» շարժումը։