Տնտեսություն 

ԵՏՄ մտնելու դեպքում ներկրվող մեքենաների գինը կթանկանա. Ստեփան Մարգարյան

Շուտով Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համար փաստաթուղթ կստորագրի, բայց դեռ հայտնի չեն պարտականություններն ու իրավունքները, դա անհանգստության տեղիք է տալիս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:


«Ես միշտ կողմ եմ, որ Հայաստանը մտնի որոշակի դաշտ, որոշակի համագործակցության մեջ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին են խաղի կանոնները: Կարծես թե շուտով ինչ-որ բան կստորագրվի, բայց որքան ես գիտեմ, դեռեւս հստակ չէ՝մենք ինչ բացառություններ ենք ունենալու տնտեսական հարաբերություններում, բյուջեն տուժելո՞ւ է, թե՞ ոչ: Որովհետեւ եթե իրենց մոտ ընդունված կարգերով գնանք, կարծես թե կորուստներ ենք ունենալու սկզբնական շրջանում: Սա մի քիչ անհագստացնելու տեղիք է տալիս»,- նշեց Մարգարյանը:


Ստեփան Մարգարյանի խոսքով, վատ հետեւանքներից խուսափելու  համար  հարկավոր է ճիշտ բանակցել եւ «պինդ» լինել. «Անհագստացնող բան չեմ տեսնում, որ մերոնք ասեն՝եթե որոշ պայմանները չեն կատարվում, մենք չենք մտնի: Երբ որ դու ապացուցում ես, որ դա քեզ  համար վնաս է եւ դրա համար դնում ես պայման, դա լրիվ նորմալ է ցանկացած երկրի համար»:


Ստեփան Մարգարյանը կարծում է, որ եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ  դառնա եւ գործող ռեժիմից որոշ բացառությունների իրավունք ձեռք չբերի, ապա խնդիրներ կառաջանան:


«Հստակ է օրինակ, որ ներկրվող մեքենաների գինը կթանկանա: Ռուսասատանի համար դա կարեւոր է , քանի որ նա մեքենա արտարդրող է, մեզ համար կարեւոր չէ: Ես համարում եմ, որ մինչեւ այսօր գործող գումարը  մեզ համար արդեն իսկ բարձր էր:Եթե մի քիչ էլ թանկանա,մենք կունենանք հին  մեքենաների հավաքածու, որովհետեւ նոր մեքենա բերելը թանկ հաճույք կլինի: Կա նաեւ արտահանման  խնդիր՝ մենք ունենք բաներ, որ արտահանում ենք: Ապրանքներ պետք է լինեն, որ բացառություն կազմեն, պետք է ասեն՝ մենք մերը պետք է կարողանանք անցկացնել»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Նույն շարքից