Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է օգնել ուկրաինական իշխանություններին հակակոռուպցիոն օրենքների մշակման և Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման հարցում, փոխանցում է Обозреватель-ը։
«Ես ուզում եմ ասել Ուկրաինայի մասին. ձեզ մոտ կա սև անցքերի հսկայական ծավալ, դա կոմունալ ծառայություններն են, պետհաստատությունները։ Դա գողանալու ուղիղ հրավեր է»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հիմա համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս չգողանալ։ Այդ պատճառով էլ այդ համակարգը պետք է կոտրել։ Այդ համակարգից շատերն են սնվում։ Միակ մեթոդը՝ հնարավորություն տալ փոխել համակարգի մարդկանց այնպիսինների հետ, ովքեր այդ համակարգի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, կարծում է Սաակաշվիլին։
Այն հարցին՝ կհամաձայնի արդյոք նա գլխավորել Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, նախկին նախագահը պատասխանել է. «Նախևառաջ, այստեղ կան մեծ թվով վրացիներ, ովքեր աշխատում են նախագահի աշխատակազմի և Ուկրաինայի կառավարության հետ։ Եվ նրանք օգնում են պատրաստել հակակոռուպցիոն փաթեթը։ Եվ հետո, ես ինքս անձամբ պատրաստ եմ աշխատել այդ խմբի հետ՝ այդ ծառայությունը ստեղծելու և ընդհանրապես այդ համակարգը բարեփոխելու համար։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը լրջորեն կքննարկի այդ ծառայությունը գլխավորելու իմ թեկնածությունը։ Ես դրա մասին չեմ մտածել։ Սակայն մտածել եմ այդ համակարգը ստեղծելուն նպաստելու մասին»։
Նրա կարծիքով՝ պետական ապարատն անհրաժեշտ է էապես կրճատել, իսկ պաշտոնյաների աշխատավարձերը՝ բարձրացնել։ Իսկ այն հարցին, թե կկարողանան պաշտոնյաները և պատգամավորները, ովքեր ստանում են 200-300 դոլար, առանց կաշառակերության աշխատել, Սաակաշվիլին պատասխանել է՝ «Ոչ։ Դա բացառվում է»։