Միջազգային 

Սիրիայի ընդդիմությունը ճգնաժամից դուրս գալու առաջարկ է ներկայացրել

analitik.am

Սիրիայի ընդդիմությունը «ճանապարհային քարտեզ» է առաջարկել Սիրիայի ճգնաժամի հաղթահարման համար:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտնի է դարձել Մոսկվայում Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպումից առաջ:

 

Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ներքին և արտաքին ընդդիմության երկու խմբավորումները՝ Ազգային համակարգման կոմիտեն և Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, համաձայնության են հասել, որն առնչվում է ապագա փաստաթղթի կետերին, և այն առաջիկա օրերին կարող է ստորագրվել Կահիրեում:

 

Փաստաթուղթը հիմնված է 2012թ.-ի հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի վրա և նախատեսում է լայն լիազորություններով օժտված անցումային մարմնի ստեղծում, որի կազմում ներառված են լինելու նաև ներկա իշխանությունների ներկայացուցիչները, ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակությունը:

 

Նախագիծը նախատեսում է Սիրիայում ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստում՝ միջազգային վերահսկողության ներքո, ինչի արդյունքում ձևավորվելու է խորհրդարան:

 

Անցումային գործընթացի ընթացքում չեղարկվելու են երկրում քաղաքական գործունեությանն առնչվող բոլոր սահմանափակումները, քաղբանտարկյալները դուրս են գալու բանտերից, իսկ արտագաղթածները հայրենիք վերադառնալու իրավունք են ստանալու:

 

Պաշտպանության ու անվտանգության հարցերով զբաղվելու է ժամանակավոր ռազմական խորհուրդը, որի կազմի մեջ լինելու են սիրիական բանակի և ապստամբների սպաներ:

Նույն շարքից