Միջազգային 

ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ կապված եւս մեկ քննադատական լսում կանցկացվի

analitik.am

Ադրբեջանի իշխանության հակաժողովրդավարական քայլերի աճի հետ ուժեղանում են նաեւ միջազգային հանրության ճնշումները: Վերջին օրերին Ադրբեջանում հայտնի դեմքերի կեղծ մեղադրանքներով ձերբակալությունը, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ սկսված արշավը, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումն ավելի են խստացրել այդ վերաբերմունքը:

 

 «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ  Վաշինգտոնում հունվարի 12-ին Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հետ կապված եւս մեկ քննադատական լսում կանցկացվի: Փորձ կարվի ցույց տալ ստեղծված իրավիճակից Ադրբեջանի դուրս գալու կոնկրետ ճանապարհները:

 

Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հետ կապված ավելի վաղ խիստ հայտարարություններով հանդես էին եկել Եվրոպայի խորհրդարանը, Եվրոպայի Խորհրդի նախագահը: Մի շարք ճանաչված քաղաքական գործիչներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություն էին արել:

 

Ադրբեջանում ազատությունների դեմ բռնաճնշումների հարցը 2015 թվականի հունվարի 12-ին Վաշինգտոնում քննարկման կդնի ԱՄՆ-ի Դեմոկրատիային ազգային աջակցության հիմնադրամը: Միջոցառմանը ելույթներով հանդես կգան Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալշդատը, քաղաքական վերլուծաբան Քեթրին Կոզմանը, Դեմոկրատիային ազգային աջակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյը, ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան եւ ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը: 

 

Որոշ փորձագետներ գտնում են, որ մոտ օրերին, հնարավոր է, իրականանան Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանի իշխանությունը չի ցանկանում հետքայլ կատարել, շարունակում է քաղաքացիների դեմ բռնաճնշումները եւ ոտնահարում միջազգային իրավունքի բոլոր նորմերը: 

 

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ կապված հաճախակի դարձած լսումների անցկացումը կողմերի միջեւ բոլոր կամուրջներն այրվելու ցուցանիշ է հանդիսանում: Ըստ փորձագետների` Ադրբեջանի իշխանությունն աշխարհին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ին մարտահրավեր է նետել եւ այլ ելք չի թողել, քան  ԱՄՆ կողմից համարժեք կերպով արձագանքելը:

Նույն շարքից