Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսով քննարկել են Ռուսաստան արգելված ապրանքների ներկրումը թույլ չտալու հարցը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են համագործակցության որոշ հարցեր՝ ձեւավորվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ներառյալ գործողությունների համակարգումը՝ Ղազախստանով եւ Բելառուսով մի շարք երկրներից Ռուսաստան ապրանքների ապօրինի մատակարարումներ թույլ չտալու վերաբերյալ, որոնք արգելված են Ռուսաստանի կառավարության վերջին որոշումների համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ տարով սահմանափակել է ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայից մի շարք ապրանքների ներմուծումը: Համապատասխան ցուցակում են հայտնվել տավարի, խոզի միսը, մրգերը, թռչնամիսը, պանիրը եւ կաթնամթերքը, ընդեղենը եւ այլ մթերքներ: