Միջազգային 

Գյումրիի ոճրագործության հետ կապված ՌԴ արձագանքի վերաբերյալ ռուս սպան իր վիշտն ու բողոքն է արտահայտել

Պետերբուգցի մի ռուս սպա, Վիկտոր Ալեքսանդրով, բանաստեղծությամբ և ֆեյսբուքի իր պատին արված գրառումով իր վիշտն ու բողոքն է արտահայտել Գյուրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ:
Ահա այդ տեքստը հայերենով.



«Եկեք մի պահ պատկերացնենք, որ հայի ձեռքով նույն Մոսկվայում մի ողջ ընտանիք կործանվեր: Հավատացնում եմ, այդ նորությունը ամբողջ ամիս չէր իջնի առաջին էջերից, բազմաթիվ «հայրենասեր» ժուռնալիստներն ու թոք-շոումենները բոլոր ծակ ու ծուկերից դուրս կսահեին ու փետրաթափ կանեին: Իսկ հիմա բոլորը լռում են: Չէ որ ոչ թե ռուսական, այլ հայկական ընտանիք են սպանել:
Ես սպա եմ, միշտ ճիշտն եմ ասում և պատրաստ եմ պատասխան տալ յուրաքանչյուր խոսքիս համար: Հիմա ինձ համար ամոթալի և վիրավորական է: Հայ ժողովուրդը քի՞չ բան է արել Ռուսաստանի համար: Մի՞թե 19դ. Արևելյան Հայաստանն ու նրա ժողովուրդը կամավոր մտել են այսպի՛սի Ռուսաստան, մնալու առաջարկ արած Պարսկաստանին պատասխանելով, որ «լավ է քրիստոնեական հողում խոտ ուտել, քան հաց՝ Պարսկաստանում»: Մի՞թե Արևմտյան Հայաստանի ժողովուրդը, զոհաբերվելով Ռուսաստանի սիրուն, փրկություն որոնելով, ջանացել է հայտնվել այսպիսի երկրում:

 

Հիմա մենք ձեզ հետ միասին դառնում ենք ահռելի անարդարության վկաներ: Մարդասպանին չեն ուզում հանձնել հայկական կողմին: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ երաշխիք տալ, որ այստեղ նրան ապուշ չեն համարի և չեն թաքցնի գժանոցում, որտեղից յոթ-ութ տարի անց դուրս կգա: Ոչ ոք:

 

Ես հիստերիա չեմ հրահրում, այլ սովորական քրիստոնեական ցավակցության կոչ եմ անում: Դա առաջին հերթին մեզ՝ ռուսներիս է վերաբերում: Մենք թուրքեր չենք, ովքեր իրենց այլանդակներին հովանավորում, հետո հերոսացնում են: Մենք ավելի քան հայերը պիտի պահանջենք, որ այդ գարշանքը իր օրերն ավարտի փոսում: Իմ ընկերներին ու ծանոթներին ես խնդրում եմ միայն, Ավետիսյանների թաղման օրը զերծ մնացեք ծիծաղից ու զվարճանքից, եկեք հայկական եկեղեցի, հայկական դեսպանատուն, հայկական հյուպատոսարան, խաչքարի մոտ, պարզապես ծաղիկներ բերեք ու աղոթեցեք անմեղ սպանվածների համար:

 

Գյումրիում հայկական ընտանիքի գազանային ու անմարդկային սպանությունը չի կարելի ընկալել և հասկանալ, դրան որևէ ներում չի կարող լինել:
Միայն թե տարօրինակ է Ռուսաստանի ղեկավարության պահվածքը: Արված են պաշտոնական ցավակցություններ: Հե՞տո: Մարդասպան-զինվորը մեր բանակից է, իսկ Նախագահը այդ նույն բանակի Գերագույն Գլխավոր հրամանատարն է: Նա պաշտոնական հայատարարություն արե՞լ է: Ռուսաստանը միջոցնե՞ր է հատկացրել ակնթարթորեն որբացած հայ տղեկի բուժման համար: Այդ երևույթից հետո Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում պետք է սուգ հայտարարվեր, Ավետիսյանների թաղման օրը պետք է արգելվեին բոլոր զվարճանքի ծրագրերն ու միջոցառումները, որովհետև տեղի ունեցածը թե՛ ռուսների, թե՛ հայերի ցավն է:


Հասարակական գործիչներ, ժուռնալիստներ, բլոգերներ, այդ ամենից նյութեր սարքեք և հաճախ բարձրացրեք այս հարցը, որպեսզի այդ մասին իմանա Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ, որովհետև պարզ երևում է, որ այդ գործն արդեն արգելակվում է: Այլապես որևէ դաշնակցության, բարեկամության ու եղբայրության մասին խոսք չի կարող լինել: Եվ մի թույլ տվեք, որ այս հունվարը դառնա մեր ժողովուրդների միջև հարաբերությունների վերջի սկիզբը:

 

Հայեր, մենք ողբում ենք Ձեզ հետ միասին»:



Նույն շարքից