«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ Պանֆիլովն ասել է, որ Վրաստանում շատ մարդիկ կան, ովքեր ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և մասնավորապես Գյումրիում: Քանի որ դա կապված է Ռուսաստանի և ռուսական բանակի գործողությունների հետ , ապա ես կարծում եմ, որ մեծ թվով մարդիկ կարող են գնալ Հայաստանի դեսպանատան մոտ, հարգել զոհվածների հիշատակն ու իրենց դժգոհությունը հայտնել ռուսական բանակի գործողությունների դեմ:
-Ինչպե՞ս եք Դուք գնահատում այն իրավիճակը, որ ստեղծվել է Գյումրիում և առհասարակ Հայաստանում:
-Վրաստանի համար շատ հեշտ է գնահատել այն իրավիճակը, որում դուք հայտնվել եք: Շատ նմանատիպ դեպքեր են եղել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից: Այդ պատճառով Վրաստանի քաղաքացիները ոչ մի կասկած չունեն, որ Ռուսաստանի վերաբերմունքը հետխորհրդային տարածության նկատմամբ բացարձակապես լպիրշ է:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քայլերի է պետք գնալ , որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի հետագա սրումից:
-Առաջին հերթին, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում իրավիճակի սրում, քանի որ իրավիճակն առանց այն էլ ակնհայտ է: Միակ բանը, որ կարող եմ ասել որպես զգուշացում՝ Հայաստանը կարող է բախվել շատ լուրջ ինֆորմացիոն ակցիայի հետ: Այդ պատճառով հիմա առաջին հերթին պետք է զգուշանալ տեղեկատվական պատերազմից, որը կսկսվի եթե ոչ այսօր, ապա վաղը: Այդ պատճառով պետք է տեղեկացնել Հայաստանի բնակչությանն այն մասին, ինչ իրականում տեղի է ունենում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են ասել ռուսները:
-Իսկ իրավական առումով ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է ձեռք առնեն Հայաստանի իշխանությունները Երևանում և Մոսկվայում, որպեսզի ինչ-որ լուծում տան իրավիճակը:
-Կարծում եմ, որ դա ակնհայտ է: Ռուս զինվորը հանցագործություն է կատարել ոչ թե ռուսական ռազմաբազայի տարածքում, որը հանդիսանում է ռուսական տարածք, այլ հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, այդ պատճառով նա պատասխան պետք է տա Հայաստանի օրենքներով: Դա ակնհայտ է, և ես կարծում եմ, որ մարդկանց պահանջները պետք է աջակցություն ստանան, ու դրանց միանալ է պետք:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ռուսաստանը զիջումների չի գնա և ամեն գնով կլարի իրավիճակը, չի հանձնի զինվորին հայկական արդարադատությանը:
-Ես կարծում եմ, որ Ռուսաստանի դրությունը հիմա շատ ծանր է, այդ պատճառով ցանկացած այլ մեղադրանք, թե ռուսական կայսրությունը ցանկանում է իր տիրապետությունը պահել հետխորհրդային տարածքում, շատ բացասաբար է ընդունվում: Իրականում իրավիճակը շատ պարզ է, ավելի հեշտ կլիներ այդ զինվորին հանձնել հայկական արդարադատությանը և դրանով փակել գործը: Գիտեք, Մոսկվայում շատ չեն կարողանում գլխով մտածել, այդ պատճառով նրանք օգտագործելու են այս դեպքն իրենց մեծությունը, ցանկացած տեսակի իրավիճակներից ռուս զինվորի պաշտպանվածությունը ցույց տալու համար: