Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ հայտարարելով, որ իրենք ևս պայքարում են «հայկական պնդումների» դեմ՝ այս ուղղությամբ տարվող աշխատանքներում կոորդինացնելով իրենց բոլոր քայլերը, ինչպես նաև խոսել է էլեկտրոնային արխիվի բացման նախագծի, ապրիլի 24-ին Թուրքիայում անցկացվելիք Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման և Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գործի մասին՝ գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Հայկական պնդումների դեմ մենք նույնպես աշխատանքներ ենք տանում, և բոլոր քայլերը կոորդինացված բնույթ են կրում։ Օսմանյան բանակի կազմում հայեր նույնպես եղել են։ Մի կողմից 1915 թվականին արևելյան շրջաններում սկսվեց ապստամբություն, մյուս կողմից էլ թուրքերը, բոսնիացիները, սիրիացիները, եմենցիները, եգիպտացիները, քրդերը, լազերը օկուպացիոն ուժերի դեմ պայքար սկսեցին»,- ասել է Չավուշօղլուն։
Դողու Փերինչեքի գործով պատգամավորների խումբ ենք ուղարկելու Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ մասնակցելու դատական լսումներին։ Այս հարցում իմ մոտեցումն անփոփոխ է՝ Փերինչեքը պետք է մասնակցի ՄԻԵԴ-ում կայանալիք դատին»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով էլեկտրոնային արխիվի նախագծի մասին, նշել է, որ այն մեծ կարևորություն է ներկայացնում իրենց համար։ Եվ հենց այդ նպատակով են իրենք վերջին տարիներին մեծ ներդրումներ կատարել և շեշտը դրել որակյալ աշխատակազմի ու տեխնիկական ենթակառուցվածքների վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհի տարբեր երկրների 102 առաջնորդների, այդ թվում՝ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Դարդանելի ճակատամարտին օսմանյան բանակի կազմում մասնակցել են մեծաթիվ հայեր, որոնք աչքի են ընկել խիզախությամբ: Թուրքիայում հայտնի է Սարգիս Թորոսյանի պատմությունը, ով Դարդանելի գործողության ժամանակ օսմանյան բանակի հրամանատարներից էր և աչքի էր ընկել իր հերոսական գործողություններով: Սակայն օսմանյան բանակի համար ծառայությունը չէր փրկել նրա ընտանիքին: Մինչ հայ սպան պայքարում էր ճակատում, նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության մյուս զոհերի հետ բռնագաղթի է ենթարկվել ու սպանվել: