Միջազգային 

Դինքի մահվան տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել

analitik.am

Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության Շիշլիի մասնաճյուղը պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ է կազմակերպել, տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

Նրանք պնդել են, որ օրեր առաջ ձերբակալված Ջիզրեի ոստիկանապետը կապ ունի Դինքի սպանության հետ, և նշել են, որ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի և տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են:

 

Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել «Էրգենեկոնի» փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու համար: Նրանք նաև փողոցում «Հրանտ Դինքի փողոց» գրությունն են փակցրել:

 

Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության մեկնարկի օրը համարվող ապրիլի 24-ը:

 

«Առերեսվե՛ք Հրանտի հետ, Ցեղասպանությանը» պաստառը պարզած մոտ 50 մարդ քայլերթի ընթացքում տարբեր կարգախոսներով է հանդես եկել՝ մասնավորապես՝ «Քուրդ, թուրք, հայ. կեցցե՛ ազգերի եղբայրությունը», «Մեր եղբայրն ես, Հրա՛նտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և այլն:

 

Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապայցությամբ նրա գերեզմանին են այցելել հարազատներն ու նրան գնահատողները:

 

Նրանք աղոթել են Դինքի հոգու համար, իսկ գերեզմանատան աշխատակից Մալիք Յալչընը նրա հիշատակին բանաստեղծություն է արտասանել:

 

Հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով հիշեցրել է, որ Դինքը սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին:

 

Նա հիշեցրել է, որ 3-5 «գործիքից» բացի, սպանության իրական կազմակերպիչները չեն բացահայտվել:

 

2007թ.-ի հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրության մոտ սպանված Հրանտ Դինքին նվիրված միջոցառում է տեղի ունենալու այսօր՝ նրա սպանության վայրում:

Նույն շարքից