Միջազգային 

Ռուսների մեծամասնությունը կողմ է, որ Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին

analitik.am

«Эхо Москвы» ռադիոկայանն իր ունկնդիրների եւ ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում` պարզելու, թե ռուս հասարակությունն ինչպես է տրամադրված Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանած ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու եւ Հայաստանում պատիժը կրելու հարցի նմատմամբ: «Արդյո՞ք ռուս զինվորին, որ կասկածվում է յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ, պետք է հանձնել Հայաստանի իշխանություններին» թեմայով հարցմանն այս պահի դրությամբ մասնակցել է 31.204 մարդ: Նրանցից 25.720-ը կամ հարցվածների 82 տոկոսը դրական պատասխան է տվել, 4018 մարդ կամ հարցվածների 13 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 1468-ը կամ հարցվածների 5 տոկոսը դժվարացել են պատասխանել: Հարցումը, որ մեկնարկել է հունվարի 17-ին, դեռ շարունակվում է:


Հետաքրքրական են նաեւ կայքում տեղ գտած մեկնաբանությունները թեմայի առնչությամբ: Բազմաթիվ օգտատերեր գրում են, որ ՌԴ-ն անհապաղ պետք է Պերմյակովին հանձնի Հայաստանին: Շատերն առաջարկում են նաեւ Պերմյակովի հետ միասին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել ՌԴ-ում գործող զինվորական հանձնաժողովի անդամներին, ովքեր թույլ են տվել, որ ռուս դասալիքը ծառայի բանակում: Շատերը պարզապես շեշտում են, որ այլ տարբերակ չկա, քանի որ նա երեխաների է սպանել, իսկ «հայերի համար երեխան սրբություն է: Նրան չհանձնելը նշանակում է չհարգել այդ սրբությունը»:

Նույն շարքից