Թուրքիան դեռևս չի հաստատել իր մասնակցությունը Իտալիայի Միլան քաղաքում անցկացվելիք «Էքսպո-2015» ցուցահանդես-վաճառքին:
Չնայած դրան Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին կատակով հաստատել է Թուրքիայի մասնակցությունը:
Ինչպես փոխանցում է « Ermenihaber»-ը, թուրքական «Ջումհյուրեթ» թերթը հայտնում է, որ Ռենզին նախօրեին այցելել էր Միլան՝ հետևելու նախապատրաստական աշխատանքներին: Ռենզին, դիմելով Էքսպոյի պատասախանատուներին, հարցրել էր. «Արդյո՞ք Թուրքիան մասնակից երկրների շարքում է», դրական պատասխան ստանալով, հավելել էր. «Մեկ օր առաջ զանգահարել էի Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա ասաց, որ ցանկանում է հրաժարվել մասնակցությունից: Ես նրան համոզեցի՝ ասելով, թե մենք զեղչեր կանենք, միայն թե դուք եկեք»: Իհարկե, քիչ անց Ռեմզին հայտնել էր, որ կատակել է:
Ինչպես նշում է թուրքական թերթը, աշխարհի ամենամեծ ցուցահանադեսը համարվող Էքսպո-2015-ին Թուրքիայի չմասնակցելու հիմնական պատճառը կարող է լինել, որ Իտալիան հաջորդ «Էքսպո-2020»-ի անցկացման համար քվեարկել է Դուբայի, այլ ոչ թե թուրքական Իզմիր քաղաքի օգտին: