Միջազգային 

Վաշինգտոնն ունի այլ միջոցներ ևս՝ Թեհրանին թույլ չտալու մշակել միջուկային զենք. Օբամա

analitik.am

Միջուկային նյութերի կիրառման հարցերով Իրանի հետ համաձայնագրի կնքումը մնում է հարցականի տակ, Վաշինգտոնն ունի այլ միջոցներ ևս՝ Թեհրանին թույլ չտալու մշակել միջուկային զենք: Սակայն նոր պատժամիջոցներն անիմաստ են՝ երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձով ելույթ ունենալով Կոնգրեսի առջև: Այս մասին հայտնում է TASS-ը:


Նրա խոսքով՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: «Այս պահից սկսած և մինչև գարուն մենք հնարավորություն կունենանք անցնելու համապարփակ համաձայնագրին, որն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունեցող երկիր դառնալ»,- ասել է Օբաման:


Միևնույն ժամանակ՝ «երաշխիքներ չկան, որ բանակցությունները հաջող կլինեն, ուստի ես պատրաստ պահում եմ բոլոր միջոցները, որոնք Իրանին թույլ չեն տա դառնալ միջուկային տերություն»,- նշել է նա:


Նա ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացումից, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել ամերիկյան դիվանագիտական ջանքերի տապալման: «Դա անիմաստ է: Ահա թե ինչու ես վետո կդնեմ պատժամիջոցների մասին ցանկացած նոր օրենքի վրա, որը կսպառնա տապալել այդ գործընթացը: Ամերիկացիները մեզնից սպասում են, որ մենք պատերազմ կսկսենք ամենածայրահեղ դեպքում, և ես պնդում եմ, որ առաջնորդվենք այդ իմաստնությամբ»,- եզրափակել է Օբաման:

Նույն շարքից