Միջազգային 

Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. Սերգեյ Լավրով

analitik.am

Ռուսաստանը տեսնում է Հայաստանում Գյումրիի ողբերգության պատճառով ստեղծված իրավիճակը քաղաքականացնելու փորձեր, ինչը զզվելի է և անթույլատրելի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Стратегия развития» («Զարգացման ռազմավարություն») ամսագրի լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանն ամեն ինչ արել է իրավիճակը կարգավորելու համար և արդյոք ընդդիմությունը չափազանց քաղաքականացված չէ այդ հարցում:

 

«Ես օրինակներ չեմ բերի, երբ մարդիկ խելագարվում են բոլորովին անհասկանալի պատճառներով այլ իրավիճակներում և այլ երկրներում, նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան և աներևակայելի բաներ են անում: Միայն կասեմ, որ մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք չեն գալիս Հայաստանի ղեկավարությունից, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չեն ցանկացողներն այդ ողբերգությունն օգտագործել կրկին աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Դա զզվելի է, դա անթույլատրելի է, դա արժանի չէ հպարտ հայ ժողովրդին, որը, ես գիտեմ, երբեք չի տրվի նման սադրանքների»,- ասել է նա:

 

Լավրովը նաև վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները չեն տուժի:

 

Ռուսաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ողբերգության առիթով և նշել, որ դատական գործընթացն առավելապես բաց կիրականանա։

 

«Առաջին հերթին ես ևս մեկ անգամ ուզում եմ հայտնել մեր խորը ցավակցություններն Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված այդ սարսափելի հանցագործության առիթով: Բոլորովին անմեղ մարդկանց մահ, օրերս մահացել է նաև 6-ամսական Սերյոժան: Այդ առիթով հատուկ զանգահարել եմ իմ գործընկերոջը՝ Էդվարդ Նալբանդյանին, և ևս մեկ անգամ ցավակցել: Կարևոր է, որ հանցագործը… մեղադրյալը ձերբակալվել է, նա արդեն տվել է մեղադրական ցուցմունքներ»,- ասել է նա:

 

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, իսկ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը ժամանել է Երևան և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
«Մենք հաստատում ենք, որ դատական գործընթացը կիրականացվի Հայաստանի տարածքում, այն կլինի առավելապես բաց, համատեղ, և ես վստահ եմ, որ դատարանն արագ, օբյեկտիվ և այդ սարսափելի հանցագործությանն ադեկվատ դատավճիռ կկայացնի»,- հայտարարել է նա:

 

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը սգում է Հայաստանի հետ, և իրենք կանեն ամենը, որ այդ հանցագործությունը չմնա անպատիժ, և մեղադրյալը ստանա ամենախիստ պատիժը, և հետագայում նման բան այլևս տեղի չունենա:

Նույն շարքից