Միջազգային 

Ինչպես Դուք նշեցիք, նրան ձերբակալել է հայկական կողմը, այդ պատճառով մենք դա կքննարկենք հայկական կողմի հետ:

analitik.am

Լեռնային Ղարաբաղում ցմահ դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ, ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի հարցը Ռուսաստանը կքննարկի հայկական կողմի հետ, քանի որ «նրան ձերբակալել է հայկական կողմը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Ասկերովի ճակատագրի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանը չի հետաքրքրվել իր քաղաքացու ճակատագրով և ինչով է ղեկավարվել Ռուսաստանը, երբ ոչ մի հայտարարություն չի արել իր քաղաքացու ազատ արձակման համար:

 

«Ինչպես Դուք նշեցիք, նրան ձերբակալել է հայկական կողմը, այդ պատճառով մենք դա կքննարկենք հայկական կողմի հետ: Մենք շատ քաղաքացիներ ունենք ձերբակալված աշխարհի տարբեր երկրներում, մենք միշտ հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով՝ հաշվի առնելով ձերբակալության պատճառների մասին տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Այդ պատճառների մասին տեղեկության և մեր քաղաքացիներին ուղղված մեղադրանքների ծանրության գնահատման հիման վրա, հասկանալով, թե ինչ պայմաններում է նա պահվում, ինչ պլաններ ունի մեր քաղաքացիների նկատմամբ նրան ձերբակալած երկիրը՝ մենք կայացնում ենք համապատասխան որոշումներ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

 

Խոսքը Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի՝ Դիլհամ Ասկերովի մասին է: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը: Նրանց դեմ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով գործ է հարուցվել, այդ թվում՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Նույն շարքից