Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներից հետո արդեն այսօր Ֆինլանդիայի խանութներում սկսել են վաճառել այն սննդամթերքից, որը պահեստավորել էին Ռուսաստան արտահանելու համար: Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ֆինական պարբերականները գրում են, որ այսօր իրենց խանութներում հայտնվել է կաթնամթերք և պանիր, որոնց վրա եղել են ռուսերեն թարգմանված պիտակներ: Ընդ որում՝ նշված ապրանքները վաճառվել են զգալի զեղչերով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ֆինլանդիայում արտադրված և արտահանված սննդամթերքի մոտ 25%-ը ուղղվում է Ռուսաստան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից որոշ ապրանքների ներմուծումը ՌԴ մեկ տարով արգելվել է այս տարվա օգոստոսի 7-ից: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:
Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ: