Միջազգային 

Սորոսն Ալիևին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումը

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին շվեյցարական Դավոս քաղաքում հանդիպել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի հետ, ով նրան կոչ է արել դադարեցնել ճնշումն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նկատմամբ:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է «Բաց հասարակություն» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

 

Հայտարարության տեքստում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող արշավի, հայտնի ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ:

 

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է տասնյակ քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու իրավաբանների և նրանց տարբեր մեղադրանքներ են ներկայացվել՝ միջոցներ յուրացնելուց մինչև պետական դավաճանություն:

 

Նրանցից ոմանք երկար ժամկետով ազատազրկման են դատապարտվել», -նշվում է հայտարարության մեջ:

 

Մասնավորապես՝ հիշատակվում են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունները:

 

Թիրախ է դարձել նաև Սորոսի հիմնադրամն Ադրբեջանում: Կալանք է դրվել Ադրբեջանում նրա բանկային հաշիվների վրա, առգրավվել են համակարգիչները, հարցաքննվել են աշխատակիցները:

 

Հիմնադրամը, սակայն, հերքում է իր հասցեին մեղադրանքները:

 

Ալիևի հետ հանդիպման ընթացքում հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոսը կոչ է արել թուլացնել ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ և դադարեցնել բարեգործական կազմակերպությունների հետապնդումը:

Նույն շարքից