Միջազգային 

Լուկաշենկոյին կարող են Եվրամիություն հրավիրել. Независимая газета

analitik.am

Այսօր շարունակվում է Լատվիայի արտգործնախարարության պետական քարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսի այցը Մինսկ: ԵՄ-ում նախագահության ընթացքում այս երկիրը մտադիր է լուրջ քայլ անել Մինսկի և Բրյուսելի մերձեցման հարցում:

 

Փորձագետները ենթադրում են, որ խոսքը կարող է լինել մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության մասին, գրում է «Независимая газета»-ն:

 

Լատվիայի ԱԳՆ-ի պետական քարտուղարի այցը Մինսկ հետաքրքիր է մի քանի պատճառներով, գրում է «НГ»-ն: Առաջին հերթին, այն հաստատում է Բելառուսի և ԵՄ-ի հարաբերությունների ջերմացման փաստը, որը քննարկվում է փորձագետների մակարդակով և դիվանագիտական շրջանակներում, սակայն պաշտոնական մակարդակում ոչ մեկի կողմից չի բարձրաձայնվում:

 

Բելառուսական քաղաքականապես ակտիվ հասարակությունում ենթադրությունը, թե Լուկաշենկոն ցանկանում է մասնակցել Ռիգայի գագաթաժողովին, կապվել է նախատեսվող նախագահական ընտրությունների հետ և ավելի է բարձրաձայնվել: Որոշ փորձագետներ կարծում են, որ Լուկաշենկոն հույս ունի եվրոպական այդ ֆորումին մասնակցելով՝ իր իշխանությունն օրինականացնելու ուղղությամբ քայլ անել: Միևնույն ժամանակ տնտեսությունում իրավիճակը բարդ է մնում, երկիրն արտաքին ֆինանսավորման կարիք ունի: Որքան սերտ լինեն կապերը ԵՄ-ի հետ, այնքան ավելի մեծ է Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու հավանականությունը: Իսկ Մոսկվան, չցանկանալով կորցնել գլխավոր դաշնակցին, կարող է ավելի մեծ և ավելի լավ պայմաններով վարկ տալ:  

 

Ամեն դեպքում Մինսկի և Բրյուսելի միջև հարաբերությունների ջերմացումը բելառուսական իշխանություններին այս պահին հարկավոր է և ձեռնտու: Մերձբալթյան երկրները պաշտոնական Մինսկի լավագույն փաստաբաններն են Եվրոպայում, քանի որ նրանց Բելառուսի հետ կապում են ուժեղ բիզնես շահերը: Լատվիայի նախագահությունից օգտվելու ձգտումը լավ դիվանագիտական քայլ է, ընդգծում են փորձագետները:

Նույն շարքից