Թուրք ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Օքթայ Վուրալը կասկած է հայտնել, թե Աթաթուրքի անվան օդանավակայանն ու նախագահական Չանքայա պալատը դատարկելը հայկական սփյուռքի հետ պայմանավորվածության արդյունքում հայերին հողեր վերադարձնելու համար արված քայլեր կարող են լինել, գրում է Haberler կայքը։
Նա խիստ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությանը՝ Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն գործի քննարկման ընթացքում, որում ներգրավված էին եղել բարձրաստիճան պաշտոնյաներ: Նա հայտարարել է, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում գործակալներ ու դավաճաններ կան:
Անդրադառնալով լուրերին, որ հայկական սփյուռքը Թուրքիային հողային պահանջներ է ներկայացնում` Վուրալը պնդել է, որ Էրդողանի կուսակցությունն արտերկիր մեկնած հայերի Թուրքիա բերելով՝ նրանց հողեր տալու ծրագրի վրա է աշխատում:
Նա նշել է, թե Աթաթուրքի անվան օդանավակայանն ու Չանքայա պալատն իրենցը համարող հայերին այն վերադարձնելը հնարավոր չէ, սակայն հարցրել է, թե արդյո՞ք այդ պահանջների բարձրաձայնումը պատահականություն է:
«Աթաթուրքի անվան օդանավակայանից հրաժարվելը, պալատը դատարկելն արդյո՞ք ավելի վաղ ներկայացված հողային պահանջների արդյունքն է: Շատ տարօրինակ է»,- ասել է նա: